Հայաստանի ու Վրաստանի վարչապետերը հանդես եկան համատեղ հայտարարությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը պաշտոնական այցով Վրաստանում է: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:
Կառավարության հաղորդմամբ, ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Վրաստանի կառավարություն, որտեղ արդեն տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի առանձնազրույցն ու պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին քիչ առաջ համատեղ հայտարարությամբ հանդես եկան։
Գիորգի Կվիրիկաշվիլիին խորհրդանշական համարեց, որ ՀՀ վարչապետի առաջին այցը համընկավ, հենց այն ժամանակ, «երբ համատեղ տոնում ենք, մեր Հանրապետությունների հռչակման 100 ամյա հոբելյանը»։
Ինչպես հայտարարեց Վրաստանի վարչապետը, քննարկվել են համագործակցության հիմնական ուղղությունները, շոշափվել է առևտրային հարաբերությունների զարգացման թեման, ընդգծվել են տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի և կրթության վերաբերող հարցերը։
«Հայաստանի կայունությունն ու ժողովրդավարական զարգացումն անչափ կարևոր է Վրաստանի, համար, այդ պատճառով է, որ Վրաստանը մեծ ուշադրությամբ հետևում էր բարեկամ Հայաստանում վերջին ժամանակներում զարգացող իրադարձություններին, երբ հայ ժողովուրդը ողջ աշխարհին ցույց տվեց միասնության և ժողովրդավարական սկզբունքներին հավատարմություն նմուշային օրինակը։ Հարգելի վարչապետ մեկ անգամ ևս հավաստում եմ, Վրաստանի կառավարության և անձամբ իմ անունից՝ պատրաստակամությունը ապագա արդյունավետ աշխատանքի հետ կապված»,-ասաց Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին։
Նիկոլ Փաշինյանն էլ մեծ պատիվ համարեց առաջին այցը Վրաստան կատարելը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը հանդիպումներ կունենա ախալքալաքցիների հետ
- Աշոտյանը Փաշինյանի պատվիրակության կազմում կմեկնի Վրաստան