«Երևան սիթի»-ներում ստուգումներ անցկացնում է ոչ թե ՊԵԿ-ը, այլ ԱԱԾ-ն. ՊԵԿ փոխնախագահ
Պետական եկամուտների կոմիտեն «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում այս պահին հսկողական գործողություններ չի իրականացնում: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը։
«Իմ տեղեկություններով, ԱԱԾ գործողություններ են տվյալ տնտեսվարողի մոտ: ՊԵԿ-ից դիմակավորված որևէ աշխատակից չի այցելել: Եթե ԱԱԾ-ի կողմից ձեռք կբերվեն տեղեկություններ, դրանք կարձանագրվեն ստուգման ակտերով և օրենքով սահմանված ժամկետներում կառաջադրվեն վճարման», - նշեց ՊԵԿ փոխնախագահը։
Հարցին՝ ինչո՞ւ տարիներ շարունակ իրենք խոշոր ընկերություններին չեն բերել հարկային դաշտ, մինչև որ այդ գործին լծվել է ԱԱԾ-ն, տարիներ շարունակ ՊԵԿ-ի Խոշոր, այնուհետև՝ փոքր հարկ վճարողների հարկային տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Մաշադյանը պատասխանեց.
«Ես համաձայն չեմ գնահատականների հետ, որ գործառույթները նորմալ չեն իրականացվել, որ բարձիթողի վիճակ է եղել: Իմ կարծիքով՝ հարկային մարմինների գործողությունները ամենօրյա են՝ կապված ստվերի կրճատման հետ։ Մեր գերակա նպատակը եղել է գործարքների փաստաթղթավորման վերջնական կայացումը Հայաստանի Հանրապետությունում, որովհետև եթե ցանկացած գործարք ճիշտ փաստաթղթավորվի, վարչարարություն իրականացնելու անհրաժեշտություն չի լինի: Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում աշխատած տարիներն իմ բոլոր գործողությունները միտված են եղել այս գործընթացի ապահովմանը», - նշեց Ռաֆիկ Մաշադյանը:
ՊԵԿ պաշտոնայն հիշեցրեց, որ խոշոր ընկերություններն ապահովում են հարկային եկամուտների շուրջ 80 տոկոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան