Նիկոլ Փաշինյանը Գիորգի Կվիրիկաշվիլիին հրավիրել է Հայաստան
Վրաստանի հետ հարաբերությունների վերընթաց զարգացումը շարունակելու է մնալ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում: Այս մասին Թբիլիսիում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետերի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ:
Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ Հայաստանի նոր կառավարությունը շահագրգռված է գործադրել հնարավոր ջանքերը Վրաստանի հետ հարուստ փոխգործակցությանը նոր որակ հաղորդելու ուղղությամբ:
Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այս այցի ընթացքում կողմերը կնախանշեն համագործակցության նոր հնարավորությունները և ուղղությունները՝ ի շահ երկու պետությունների և ժողովուրդների: «Կցանկանայի ընդգծել, որ մենք պատրաստ ենք անկեղծ և անկաշկանդ մթնոլորտում քննարկել երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչը հարիր է երկու հարևան և եղբայրական պետություններին: Վստահ եմ, որ մեր հարաբերություններում շարունակելու ենք առաջնորդվել այն սկզբունքով, որ մեր միջև անլուծելի հարցեր չկան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի և Վրաստանի վարչապետերը քննարկել են առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել էներգետիկայի ոլորտում համագործակցության մակարդակից և կարևորել տրանսպորտային հաղորդակցության բնագավառում հետագա զարգացման հեռանկարները:
Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին համոզմունք են հայտնել, որ տնտեսական համագործակցությունը կարող է խթանել երկկողմ առևտրաշրջանառության աճը: Ծրագրերի և առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման առումով կարևորվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտին և այն որպես երրորդ երկրների շուկաներն ավելի հասանելի դարձնելու հարթակ օգտագործելու հնարավորությունը:
Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային խնդիրներին և կարևորել անվտանգության ու կայունության պահպանումը:
Պատմամշակութային կապերի սերտացման համատեքստում զրուցակիցները կարևորել են մշակութային հարուստ ժառանգության պահպանումը: Նիկոլ Փաշինյանը Գիորգի Կվիրիկաշվիլիին հրավիրել է Հայաստան:
Հիշեցնենք, որ մինչ Վրաստանի կառավարություն ուղևորվելը պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ, ծաղկեպսակ դրել հուշակոթողին:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ու Վրաստանի վարչապետերը հանդես եկան համատեղ հայտարարությամբ
- Աշոտյանը Փաշինյանի պատվիրակության կազմում կմեկնի Վրաստան
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին