45-69 տարեկան ամեն օր ծխող տղամարդկանցից յուրաքանչյուր երկրորդը և կանանց յուրաքանչյուր հինգերորդը օրական ծխում են 25 և ավելի ծխախոտ
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացնում է Հայաստանում ծխախոտի օգտագործման տարածվածության վերաբերյալ STEPS ազգային հետազոտության տվյալները:
Տվյալների համաձայն, ՀՀ բնակչության շրջանում իրականացված տարբեր հետազոտությունների տվյալները փաստում են, որ տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործումն առողջապահության խնդրահարույց հարցերից մեկն է:
«Առողջապահության համակարգի գործունեության գնահատում» (ԱՀԳԳ) հետազոտության (2015-2016թթ.) տվյալների համաձայն՝ Հայաստանի 15 և բարձր տարիքի բնակչության շրջանում ամենօրյա ծխախոտի օգտագործման տարածվածությունը կազմել է 26.2% (տղամարդիկ` 53.4%, կանայք`2.3%): Կանանց շրջանում ծխախոտի օգտագործման ցածր ցուցանիշը պայմանավորված է այն հանգամանքով, որ շատ դեպքերում այդ վարքագիծը կրում է թաքնված բնույթ: Տարբեր հետազոտությունների արդյունքները (ԱՀԳԳ 2007, 2009, 2012, 2016) փաստում են, որ կանայք չեն ցանկանում նշել իրենց ծխելու փաստի մասին՝ ծխող կանանց հետ կապված գոյություն ունեցող հայկական ավանդական դիրքորոշումերի պատճառով:
2016թ. իրականացված STEPS ազգային հետազոտության տվյալներով` ծխախոտի օգտագործման տարածվածությունը (ամենօր և պարբերաբար) կազմում է 27.9%: Հայաստանում յուրաքանչյուր երկրորդ տղամարդը ծխում է, իսկ կանանց դեպքում ծխախոտի օգտագործման ցուցանիշը անհամեմատ փոքր է (տղամարդիկ` 51.5%, կանայք` 1.8%)։
Ներկայումս, 18-69 տարեկանների շրջանում ամեն օր ծխախոտ օգտագործողների մասնաբաժինը կազմում է 26.9%: Ընդ որում՝ 18-44 տարիքային խմբում ծխող կանանց մասնաբաժինը կազմում է 1.1%, որը կտրուկ աճում է 45-69 տարիքային խմբում` 3%, իսկ տղամարդկանց 18-44 և 45-69 տարիքային խմբերում ցուցանիշներն առանձնապես չեն տարբերվում՝ կազմելով`50.3% և 53.6%:
Բնակչությայն շրջանում ծխելու հաճախականությունը վերլուծվել է նաև ըստ սոցիալ-ժողովրդագրական խմբերի: Հետազոտական տվյալներն, ըստ բնակավայրի, վերլուծելիս կարելի է ասել, որ երևանաբնակ հասարակության շրջանում ծխախոտի օգտագործումն ավելի տարածված է, մարզերում բնակվողների համեմատ: Հետաքրքրական է նաև այն փաստը, որ բարեկեցության աճմանը զուգընթաց ծխախոտի օգտագործման տարածվածությունը մեծանում է: Իսկ կրթությունը դիտարկելով՝ երևում է ծխախոտի չօգտագործման միտում ավելի բարձ կրթության մակարդակ ունեցող հարցվողների շրջանում:
Ամեն օր և պարբերաբար ծխախոտ օգտագործողների մասնաբաժինն, ըստ սոցիալ-ժողովրդագրական խմբերի
Հետազոտության արդյունքներից երևում է, որ տղամարդիկ սկսել են ծխել ավելի վաղ հասակում, քան կանայք (տղամարդկանց միջին տարիքը կազմել է 17.9, իսկ կանանց՝ 26.2): Տղամարդկանց շրջանում ծխել սկսելու միջին տարիքը բոլոր տարիքային խմբերում կտրուկ չի տատանվում, և կազմում է 17.3 մինչև 18.9 տարի, իսկ կանանց մոտ` 21.4 մինչև 28.4 տարի: Վերջինից կարելի է եզրակացնել, որ 45-69 տարեկան կանանց շրջանում ծխելու սովորույթն ավելի ակնհայտ է, քան 18-44 տարեկանների շրջանում:
Ամեն օր ծխողների 94.3%-ն օգտագործում են գործարանային արտադրության ծխախոտ:
18-69 տարեկան ամեն օր ծխողների 1.6% օրական ծխում են մինչև 5 գլանակ, 32.7%` 25 և ավելի ծխախոտային գլանակ:
45-69 տարեկան ամեն օր ծխող տղամարդկանցից յուրաքանչյուր երկրորդը (46.1%), և կանանց յուրաքանչյուր հինգերորդը (19.4%) օրական ծխում են 25 և ավելի ծխախոտային գլանակ, այսինքն՝ 1 տուփից ավելի, որը չարորակ նորագոյացությունների և արյան շրջանառության համակարգի հիվանդությունների առաջացման մեծ վտանգ կարող է դառնալ:
18-69 տարեկան կանոնավոր ծխողների 34.5%-ը նշել է, որ վերջին 12 ամսվա ընթացքում փորձել է հրաժարվել ծխելուց (տղամարդիկ՝ 34.0% և կանայք՝ 48%):
Ծխող տղամարդկանց 29.2%-ին, իսկ կանանց 39%-ին վերջին 12 ամսվա ընթացքում բժշկի կամ բուժաշխատողի կողմից ծխելուց հրաժարվելու խորհուրդ է տրվել:
Հարցվածների ամեն երկրորդը (56.4%) նշել է, որ տան պայմաններում, վերջին 30 օրվա ընթացքում, ամեն օր գտնվել է երկրորդային ծխի ազդեցության տակ:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում ծխելու դեմ պայքարի ծրագրերը դեռևս մնացել են թղթի վրա. Առողջապահության նախարար
- Զբոսաշրջային բիզնեսը չի տուժի․ Արարատ Մկրտչյանը՝ հակածխախոտային օրինագծի մասին
- Ռեստորաններ ու սրճարաններ չեն փակվել, տնտեսությունը չի տուժել. Օտարերկրացիները՝ ծխելն արգելող օրենքի մասին
- Արգելված վայրերում ծխելու համար սահմանված տուգանքի բարձրացում չի լինի. այժմ հստակեցումներ են արվում
- Ռոզա Բաբայան. Այս նախագիծը ծխողների դեմ չէ