Փաշինյանը հանդիպումներ կունենա ախալքալաքցիների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Վրաստան:
Վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ, այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ կդնի հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցի: Այցի շրջանակներում վարչապետը կհանդիպի Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և կայցելի Հովհաննես Թումանյանի տուն գիտական, մշակութային կենտրոն:
Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում ներկա կգտնվի Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակին նվիրված միջոցառումներին՝ հոբելյանին նվիրված հուշատախտակի բացման արարողությանը և կազմակերպված ընդունելությանը:
Նախատեսվում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցերը Ջավախք, Նինոցմինդա ու Ախալքալաք և հանդիպումներ այնտեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
Վրաստանում ՀՀ դեսպանությունից մանրամասնում են, որ վարչապետը կարճատև կանգառներ կունենա Ծալկայի շրջանի Այազմա և Նինոծմինդայի շրջանի Փոկա, Գանձա ու Սաթխա գյուղերում, որտեղ կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Այնուհետև, կմեկնի Նինոծմինդա քաղաք, որտեղ «Հայոս-Քարթլոս» արձանախմբի հարակից տարածքում կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որից հետո կայցելի Ախալքալաք։ Տեղի Սուրբ Խաչ եկեղեցում կկատարվի մոմավառություն, իսկ մշակույթի պալատում կկայանա հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան