Նիկոլ Փաշինյանը պատմել է՝ ինչու Պուտինը չմիջամտեց Հայաստանի թավշյա հեղափոխությանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Deutsche Welle-ին՝ պատմելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջին հանդիպման և այն մասին, որ Ռուսաստանը մնում է ՀՀ գլխավոր գործընկերը։
Հարցին՝ ինչու Պուտինը չմիջամտեց Հայաստանի թավշյա հեղափոխությանը, Փաշինյանը պատասխանել է. «Հայաստանը Հայաստանն է։ Ես կարծում եմ՝ մեր պետության գլխավոր առանձնահատկությունն այն է, որ մենք մեր ինքնիշխանությանը սրտացավությամբ ենք վերաբերվում»։
Լրագրողը հետաքրքրվել է՝ ինչու է Փաշինյանն այդքան բարեկամաբար խոսում ռուսական ղեկավարության մասին։ ՀՀ վարչապետն ասել է, որ բոլորի մասին է խոսում բարեկամաբար։
«Հայաստանը խաղաղ երկիր է, մենք խաղաղասեր ազգ ենք։ Ես հուսով եմ, որ դուք ոչ մի ագրեսիվություն չեք նկատել, օրինակ, ԵՄ, ԱՄՆ, Իրանի, Վրաստանի ու այլ երկրների նկատմամբ։ Իհարկե, հարկ եղած դեպքում մենք կարող ենք մեզ պաշտպանել։ Բայց մենք սերտ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, ես վստահ եմ, որ այդ հարաբերություններն ավելի կխորանան։ Մենք լավ հարաբերություններ ունենք ԵՄ հետ, և մտադիր ենք այդ հարաբերությունները զարգացնել նաև հետագայում»,- ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանը զարգացնելու է հարաբերությունները նաև ԱՄՆ-ի, Իրանի, Վրաստանի և բոլոր այն երկրների հետ, ովքեր դրանում հետաքրքրված են։
Ինչ վերաբերում է հարցին՝ ինչ տպավորություն է նրա վրա թողել ՌԴ նախագահը՝ ԵՏՄ-ի՝ մայիսի 14-ին Սոչիում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ, Հայաստանի վարչապետը ասել է. «Անկեղծ ասած՝ գագաթնաժողովի ժամանակ հաճելի մթնոլորտ է եղել։ Ես կարծում եմ, որ այս փուլի համար մեզ մոտ ձևավորված են շատ լավ անձնական հարաբերություններ, որոնք ժամանակի հետ էլ ավելի կլավանան»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները