«Աշխատանքին խիստ անհամարժեք ցածր աշխատավարձ». պոլիկլինիկայի տնօրենը՝ խնդիրների մասին
Առաջնային բուժօգնության ոլորտում սպասվում են դրական տեղաշարժեր՝ սկսած աշխատավարձերի բարձրացումից, տեղամասային սպասարկում իրականացնող բժիշկների աշխատանքային գրաֆիկի թեթևացումից: Պոլիկլինիկաներին առնչվող առաջիկա փոփոխությունների մասին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսել է Երևանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա այցի ժամանակ, որտեղ բուժհաստատության աշխատակիցներից հետաքրքրվել է նրանց աշխատանքային խնդիրներով ու բուժօգնության տրամադրման հարցերով:
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պոլիկլինիկայի տնօրեն Աննա Սիսոյանը բարձրացրել է համակարգային մի շարք խնդիրներ, մասնավորապես, ծննդօգնության մատուցման որոշ չափորոշիչների վերանայում, պոլիկլինիկաներում հաշվառվելու կարգի հստակեցում, որոշ կաբինետների գերծանրաբեռնվածության թեթևացում, և ամենակարևորը՝ աշխատանքին խիստ անհամարժեք ցածր աշխատավարձեր:
«Առաջնային օղակի բուժաշխատողներին սոցիալապես շատ ավելի պաշտպանված դարձնելու հարցը մեր օրակարգում է: Այժմ քննարկում ենք դրան հասնելու առավել արդյունավետ ուղիները, իսկ այդպիսիք մի քանիսն են»,-շեշտել է Թորոսյանը:
Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկան մեկ տարի առաջ է բարերարների միջոցներով վերանորոգվել, վերազինվել, համալրվել անհրաժեշտ բուժտեխնիկայով: Իր հերթին աջակցություն է ցուցաբերել նաև Երևանի քաղաքապետարանը: Նախարարը շրջել է պոլիկլինիկայի տարբեր բաժիններով, սենյակներով, ծանոթացել աշխատանքների ընթացքին: