Թոմ Քաթինան կայցելի Հայաստան
«Ավրորա» մրցանակի 2017թ. դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան մայիսի 31-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու 2018 թվականի «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը և դրան նախորդող հատուկ միջոցառումների շարքին։
IDeA հիմնադրամից հայտնում են, որ այս տարի հանդիսավոր միջոցառումների եռօրյակը տեղի կունենա հունիսի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում, և կամփոփվի «Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկրի անվան ազդարարմամբ։ Կարևորագույն միջոցառումներից են լինելու նաև Aurora Dialogues ամենամյա քննարկումները, որոնք միջազգային նոր հարթակ են, ուր մարդասիրության և բիզնեսի ոլորտների առաջատարները հավաքվում են քննարկելու, թե համաշխարհային հանրությունը ինչպես կարող է իմաստալից ազդեցություն ունենալ աշխարհի ամենահրատապ հիմնախնդիրների լուծման գործում։
Թոմ Քաթինան Երևան կժամանի մայիսի 31-ին և կսկսի իր ուղևորությունը Հայաստանով և Արցախով։
Որպես կաթոլիկ միսիոներ՝ Թոմ Քաթինան ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքից մեկնելով Սուդան՝ փրկել է հազարավոր կյանքեր՝ լինելով միակ մշտական բժիշկը Սուդանի մասը կազմող, սակայն այժմ պատերազմներից ավերված և մարդասիրական օգնությունից զրկված Նուբա լեռներում։ Իր ցուցաբերած անձնվիրության և մարդկությանը մատուցած ծառայությունների համար «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, ստեղծված Հայոց ցեղասպանության վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, նրան արժանացրել է «Ավրորա» մրցանակի։
Նուբա լեռների բնակիչներին սպասարկող միակ վիրաբույժ Թոմ Քաթինան հունիսի 5-ին կժամանի Զանգեզուր և կանգ կառնի Սիսիանի զինվորական հոսպիտալում, որտեղ կհանդիպի գործընկեր բժիշկների հետ։ Հանդիպմանը կհետևի Սիսիանի Մշակույթի տանը կազմակերպված զրույց տեղի բուժաշխատողների և այլ մասնագիտական անձնակազմերի հետ։ Այստեղ կցուցադրվի նաև «Ոչ նուբացի բժիշկները Նուբայում» ֆիլմը, որն ամփոփում է այն երեք հայ բժիշկների գործունեությունը, որոնք 2017 թվականի մայիսին բժիշկ Քաթինային փոխարինելու համար մեկնեցին Նուբա լեռներ՝ հնարավոր դարձնելով Թոմ Քաթինայի ներկայությունը 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը։
Մրցանակի հյուրը հնարավորություն կունենա նաև վայելելու Հայաստանի հարավը՝ այցելելով Գորիս, Հալիձոր, Տաթևի վանական համալիր և «Տաթևեր» ճոպանուղի։ Տեղի համայնքի հետ հանդիպումից հետո Թոմ Քաթինան կմեկնի Արցախ, որտեղ կհանդիպի նաև արցախցի երիտասարդության, ուսանողության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև բժիշկների ու պետական պաշտոնյաների հետ։
Հայաստան այցելությունից հետո Թոմ Քաթինան կվերադառնա Սուդան՝ շարունակելու իր գործը։
Հարակից հրապարակումներ`
- «Ավրորա-2017» մրցանակի դափնեկիրն է Թոմ Քաթինան
- Թոմ Քաթինա. Մի՛ վախեցեք Աֆրիկայում գոյություն ունեցող խնդիրներից
- Երեք հայ բժիշկներ մեկնել են Սուդան՝ ժամանակավորապես փոխարինելու Թոմ Քաթինային
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան