Միջազգային պրոտոկոլների ներդրումը առողջապահական համակարգում նոր թափով կշարունակվի
Կլինիկական ուղեցույցների և պացիենտների վարման գործելակարգերի մշակումն ու ներդրումը հայաստանյան առողջապահական համակարգում պետք է և կշարունակի իրականացվել: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Այս աշխատանքը կատարող թիմի գործառույթը մեծապես կարևորում եմ ու շեշտում, որ այն շարունակելու է իր աշխատանքը: Առողջապահության ազգային ինստիտուտի կազմում թիմի աշխատանքի շարունակումը որևէ կերպ չպետք է մտահոգություն հարուցի»,-նախարարությունում Առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի մշակման բաժնի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ շեշտել է նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարը շեշտել է՝ կլինիկական ուղեցույցների և պացիենտների վարման գործելակարգերի ներդրման նպատակով առաջարկներ մշակող հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ Միջազգային պրոտոկոլների ներդրումը հայաստանյան առողջապահական համակարգում պետք է կատարվի աստիճանաբար, սահուն, որպեսզի դրա կիրառման տեխնիկական խնդիրները բժիշկների կողմից հակազդեցություն չառաջացնեն: Սա, ըստ Թորոսյանի պետք է արվի առողջապահության քաղաքականության և բյուջեի հատկացումների վերանայման միջոցով:
Հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ բուժման և պացիենտների վարման միջազգային պրոտոկոլների թարգմանումն ու ներդրումը պետք է ամբողջապես պարտադիր չլինեն բժիշկների համար: Որոշ փոփոխություններ նրանք կարող են անել բուժման գործընթացում, եթե դեղորայքի կամ տվյալ բուժծառայության տեսակի անմատչելիության հարց կա: Սակայն պրոտոկոլները նաև ենթադրում են առանցքային ուղղություններ, որոնք չպետք է շրջանցվեն:
Առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի մշակման բաժնի գիտական ղեկավար Հարությունը Մանգոյանը կարևորել է հանրապետության գլխավոր մասնագետների և առողջապահական ասոցիացիաների հետ գործակցության սերտացումը, քանի որ երբեմն նորարարություններն ակնկալվածի պես սահուն չեն ներդրվում կամ տեղայնացվում, ինչը, սակայն, անհրաժեշտ է բուժման գործընթացում միջազգային նոր մոտեցումները կիրառելու առումով:
Միջազգային գործելակարգերի և ուղեցույցների ներդրումը, կիրառումը պետք է վերահսկվի առողջապահության էլեկտրոնային համակարգի միջոցով, որի ներդրումը թեև հետաձգվել է, բայց շարունակում է մնալ օրակարգում: