Նախարարը՝ եկամտային հարկի դրույքաչափի նվազեցման հավանականության մասին
«Մենք այս պահին ընդհանրապես հարկային համակարգի և օրենսդրության աշխտորոշման կամ գնահատման փուլում ենք։ Փորձում ենք հասկանալ ինչ ուղղությամբ պետք է զարգանա քաղաքականությունը, ինչ ուղղությամբ պետք է վերանայվի օրենսդրությունը, որպեսզի ունենանք մեր տնտեսության կարիքների ներկա ժամանակահատվածում լավագույնս համապատասխանող հարկային համակարգ»,- այս մասին ԱԺ-ում ՀՀ 2017 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով եկամտային հարկի դրույքաչափի նվազեցմանը վերաբերող Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի հարցին։
«Ամենից քիչ կուզենայինք ունենալ տեղային լուծումներ՝ չունենալով ամբողջական պատկերը, քանի որ եթե համակարգային չլինեն լուծումները, այդ տեղային լուծումներով կարելի է մի բանը բարեփոխել, փոխարենը մեկ ուրիշ տեղ խնդիր առաջացնել։ Ճիշտը համակարգային և ամբողջական պատկերն ունենալով որոշումներ կայացնելն ու առաջն գնալն է։ Ուղղություններից մեկը եկամտային հարկի դրույքաչափի նվազեցումն է՝ այսօրվա եղած, 23, 28 և 36 տոկոսի փոխարեն կիրառել 20, 25-ը և փոխել սանդղակը մինև 500 հազար և 500 հազարից ավելիի համար կիրառել 20-25-ը։ Բայց դրա գնահատականը մեր այսօրվա ունեցած այլ հավասար պայմաններում մոտավորապես 46 մլրդ դրամ հարկային եկամուտների նվազեցում է, մենք չենք կարող գնալ այդ ճանապարհով՝ դրա դիմաց չունենալով թե փոխարենը ինչ պետք է արվի»,- մանրամասնեց Ջանջուղազյանը։
Նախարարի խոսքով՝ պետք է ծախսերի կառուցվածքը վերանայվի, վերանայվելու դեպքում էլ եթե նոր ծախսեր, նոր սոցիալական պարտավորությունների ուղղությամբ է լինում դա, այդ դեպքում էլ էական ռիսկեր են առաջանում։
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ քննարկվող տարբերակներից մեկը հնարավոր վարչարարական միջոցառումների դիտարկումն էր, որը որ կարող է փոխհատուցել եկամտահարկի դրույքաչափի փոփոխությանը, իսկ մյուսը՝ սպառման հարկերի դրոյքաչափի վերանայումն է։
«Մենք չենք կարող մի տեղ նվազեցման ռիսկ առաջացնել՝ փոխհատուցման մեխանիզմը չունենալով»,- շեշտեց նա՝ հավելելվով, որ եկամտային հարկի դրույքաչափի նվազեցումն անպայման քննարկման առարկա պետք է դառնա։
Հարակից հրապարակումներ`
- Դժվար ավելի լավ բան առաջարկենք. Ջանջուղազյանը՝ Բագրատյանին
- 2016-ի համեմատ բյուջեի եկամուտների աճը 2017-ին կազմել է 111 մլրդ դրամ. Ջանջուղազյան
- Ավելի շատ պարտք ենք վերցրել, քան ուղղել ենք կապիտալ ներդրումների. Ֆինանսների նախարար
- 2017-ի բյուջեի ծախսերի շուրջ 27 տոկոսը բաժին է ընկնում կենսաթոշակներ և նպաստներ խմբին. Ֆինանսների նախարար
- Հայաստանը ՀՆԱ-ի դրական ցուցանիշ է գրանցել. Ատոմ Ջանջուղազյան