Սեֆիլյանի գործով դատական նիստի մասնակիցները չեն լքում դատարանի շենքը
Երևանի վերաքննիչ քրեական դատարանում վիճակը շարունակում է անհանգիստ մնալ։ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով նիստի հետաձգման պահից ի վեր նրանց կողմնակիցները դատարանի շենքը չեն լքում։ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ կես ժամ առաջ խոսակցություն է ունեցել բարձրաստիճան ոստիկանի հետ, ում անունը նա չհրապարակեց։
Վերջինս, ըստ Եղնուկյանի, Սեֆիլյանի և մյուսների գործով ամբաստանյալներին դատարան չբերելու վերաբերյալ հակասող պատճառաբանություն է տվել, որը պաշտոնապես ստացվածին չի համապատասխանում։ Եղնուկյանի խոսքով՝ սա ևս մեկ ապացույց է, որ այստեղ կա սադրանք. չի կարող բերանացի մի բան ասվել, գրավոր՝ մի այլ։
«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամը նշեց՝ իր զրուցակից ոստիկանը հայտնել է, որ հաշվի են առել «Սասնա ծռեր»-ին դատարան բերելու դեպքը, երբ շրջապատել էին դատարանի շենքը, փողոց փակել, ասել՝ իրենք ունեին օպերատիվ տեղեկատվություն, որ նույն բանը Ժիրայր Սեֆիլյանի աջակիցները պիտի այսօր անեն։
«Ասաց՝ քանի դեռ երաշխավորություն չունեն, որ նման բան չի լինի, իրենք չեն բերի դատարան։ Սա նշանակում է, որ տարիներ շարունակ մեր տված երաշխավորությունը կարող է իրենց չբավարարել»,- ասաց նա։
Սեֆիլյանի և մյուսների գործով ամբաստանյալների կողմնակիցները բողոքի ակցիա սկսեցին. նրանք Վերաքննիչ դատարանից ոտքով շարժվում են Վճռաբեկ դատարան՝ փողոցը փակելով։