Հայաստանի կայունությունը և ժողովրդավարական զարգացումն անչափ կարևոր է Վրաստանի համար. Կվիրիկաշվիլի
Առանձնազրույցից և պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո վարչապետեր Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին Վրաստանի կառավարության մամուլի կենտրոնում հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին նշել է, որ Հայաստանի կայունությունը և ժողովրդավարական զարգացումն անչափ կարևոր է Վրաստանի համար, և հենց այդ պատճառով էլ Վրաստանում մեծ ուշադրությամբ էին հետևում բարեկամ Հայաստանում վերջին ժամանակներս տեղի ունեցած իրադարձություններին, երբ հայ ժողովուրդն ողջ աշխարհին ցույց տվեց միասնության և ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ իր հավատարմությունը:
«Մեկ անգամ ևս հավաստում եմ Վրաստանի կառավարության և անձամբ իմ պատրաստակամությունն ապագա արդյունավետ համագործակցության հարցում: Այսօր մենք քննարկեցինք բոլոր հիմնական ուղղությունները, ընդգծեցինք մեր ձգտումները՝ ունենալու ինտենսիվ քաղաքական երկխոսություն: Շոշափեցինք նաև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր, ընդգծեցինք տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր: Չնայած արդեն առկա ինտենսիվ համագործակցությանը՝ առկա է գործակցության մեծ ներուժ բազմաթիվ ուղղություններով»,- ասել է Կվիրիկաշվիլին։
Վրաստանի վարչապետը հայտնել է, Վրաստանի հայ քաղաքացիներն ակտիվորեն ներգրավված են երկրի կառուցման գործում, ինչը բազմազգ Վրաստանի միասնականության հստակ փաստն է:
«Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ այն պոզիտիվ մթնոլորտը, որ կա հայ-վրացական հարաբերություններում, միշտ եղել է: Ես հույս ունեմ, որ մենք այդ պոզիտիվ մթնոլորտը կվերածենք կոնկրետ շատ ավելի մեծ արդյունքների տնտեսական ոլորտում, քաղաքական հարաբերությունների ոլորտում, երկկողմ հարաբերությունների ոլորտնում, և ես հույս ունեմ, որ մենք առաջիկայում միջկառավարական համագործակցության հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման շնորհիվ կկարողանանք կոնկրետ արդյունքներ արձանագրել մեր երկկողմ համագործակցության բազմաթիվ ոլորտներում»,- իր խոսքում նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը Վրաստանի հետ ունի մի շարք համատեղ նախագծեր և իրենք, ակտիվորեն աշխատելու են այդ նախագծերը ժամանակին և բարձր որակով իրագործելու համար:
«Մենք պիտի աշխատենք նոր համատեղ նախագծեր ունենալու շուրջ: Եվ մենք համոզված ենք, որ ընդհանրապես հայ-վրացական հարաբերություններում չլուծվող խնդիրներ չկան, որովհետև ամենակարևոր գործոնը խնդիրների լուծման տրամադրվածությունը և ցանկությունն է: Եվ մեր պատվիրակությունը եկել է Թբիլիսի՝ հավաստելու մեր պատրաստակամությունը եղբայրության և բարեկամության մթնոլորտում քննարկել բոլոր հարցերը և մենք համոզված ենք, որ այս մթնոլորտը և տրամադրվածությունը կարող են լրջագույն զարգացումներ բերել մեր հարաբերություններում: Եվ ես շատ ուրախ եմ արձանագրելու համար, որ Վրաստանի կառավարությունը և անձամբ վարչապետը նույնպիսի տրամադրվածություն ունի մեր հարաբերությունների հետագա զարգացման համար:
Մենք եկել ենք այսօր այստեղ կոնկրետ հեռանկարներ բացելու և կոնկրետ խնդիրներ լուծելու հնարավորությունը ստեղծելու համար: Եվ ես համոզված եմ, որ մեր հարաբերություններում կլինեն լրջագույն և նոր զարգացումներ, և այդ նոր զարգացումները կբխեն Հայաստանի Հանրապետության և Վրաստանի շահերից, որովհետև մենք որպես ինքնիշխան երկրներ առաջին հերթին պարտավոր ենք ելնել մեր ազգային շահերից և սպասարկել մեր ազգային շահերը: Ես համոզված եմ, որ մեր կառավարություններն ունեն բավարար կամք, բավարար հմտություն, որպեսզի մենք կարողանանք այս համագործակցությունը դարձնել խիստ արդյունավետ, այնպիսի մակարդակի, որ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի քաղաքացիները զգան իրենց ամենօրյա կյանքում մեր հարաբերությունների մերձեցումը, մեր բարեկամության խորացումը և զգան այն պոզիտիվ մթնոլորտը, որ հաստատված էր իմ ու վարչապետի քննարկման ընթացքում»- իր ելույթում նշել է ՀՀ վարչապետը։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը Գիորգի Կվիրիկաշվիլիին հրավիրել է Հայաստան
- Հայաստանի ու Վրաստանի վարչապետերը հանդես եկան համատեղ հայտարարությամբ
- Աշոտյանը Փաշինյանի պատվիրակության կազմում կմեկնի Վրաստան
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում