Գլխավոր դատախազությունն արձագանքում է առողջապահության նախարարի գրառմանը
Դատախազությունում կարդացել են առողջապահության նախարարի ֆեյսբուքյան գրառումը: Panorama.am-ին փոխանցեցին, որ գրառումը հանցագործության հատկանիշներ չի պարունակում:
«Եթե անուններ հրապարակվեն, այդ ժամանակ հստակ կլինի: Հիմա այն, ինչ հրապարակել է նա, հանցագործության հատկանիշներ չի պարունակում»,-ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սպառնացել է տալ այն պաշտոնյաների անունները, ովքեր ռազմավարական ծրագրեր են տապալել ու միլիոներ են մսխել:
Նախ նկատենք, որ գրառումը պարունակում է հանցագործության մասին առնվազն մեկ «հատկանիշ»՝ կա փաստորեն միլիոնների կորուստ, ինչի մասին հայտնում է պետական պաշտոնյան: Առնվազն սա հիմք է, որ դատախազությունը, եթե չէր արել, ապա հիմա սկսի հետաքննություն:
Նախարարը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին տեղեկություններով առողջապահական օլիգարխիան որոշել է հակահարված տալ մեր հակակոռուպցիոն քայլերին` ի դեմս պատվիրված հոդվածների և տարատեսակ ասեկոսների, որոնք պետք է երկրի ղեկավարության մոտ վարկաբեկեն մեզ ու մեզնից ազատվելու առիթ դառնան, որպեսզի նրանք շարունակեն «հանգիստ ապրել»:
ՉԻ՛ ՍՏԱՑՎԵԼՈՒ: Մենք ունենալու ենք նորմալ առողջապահություն, որտեղ ոչ մի բուժհիմնարկ, կրկնում եմ ՈՉ ՄԻ, ԱՐՏՈՆՅԱԼ ՉԷ` անկախ իր սեփականատիրոջ կամ կառավարչի նախկինում կամ ներկայումս զբաղեցրած պաշտոնից կամ բարեկամական կապից:
Հավանաբար կոլեգիալ համեստությունս է թույլ տվել նրանց «թպրտալ»: Երևի սկսեմ արդեն անուններ տալ զանազան ռազմավարական ծրագրեր տապալած և միլիոններ մսխած պաշտոնյաների: Դրա ժամանակն էլ կգա...շուտով...»: