Հայաստանում ծխելու դեմ պայքարի ծրագրերը դեռևս մնացել են թղթի վրա. Առողջապահության նախարար
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մայիսի 31-ը նշում է որպես ծխախոտի համաշխարհային օր։ Ամեն տարի ԱՀԿ-ն միջազգային օրվա առիթով ընտրում է թեմա. այս տարվա թեման է՝ «Ծխախոտը և սրտանոթային հիվանդությունները», իսկ օրվա կարգախոսն է՝ «Ընտրիր առողջությունդ, ոչ թե ծխախոտը»։
«Հայաստանի համար այս օրը կարևոր խորհուրդ ունի, իսկ պատճառը՝ ծխողների մտահոգիչ վիճակագրությունն է»,-այս մասին այսօր՝ Առանց ծխախոտի համաշխարհային օրվան նվիրված ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանն ունի կառավարության կողմից հաստատված ծխելու դեմ պայքարի ռազմավարություն, սակայն մինչ այժմ ձեռնարկված քայլերի արդյունքները, մեղմ ասած, բավարար չեն: Ըստ նրա՝ 2010-2015 թվականների ծխելու դեմ պայքարի պետական ծրագրով նախատեսված էր ամեն տարի երկրում ծխողների թիվը կրճատել 1,5-2%-ով, սակայն 2017 թվականին ընդունված ռազմավարության մեջ ներառված վիճակագրությունը ցույց է տալիս, որ ծխողների թիվը ոչ միայն չի նվազել, այլև աճել է, իսկ ծխողների շարքում ավելացել են թե կանայք, թե տղամարդիկ:
Արսեն Թորոսյանը նշեց, որ մտահոգիչ վիճակագրությունը շտկելու համար պետք են վճռական գործողություններ և քաղաքական կամք: Նախարարը հատկապես կարևորեց հասարակական վայրերում ծխելն արգելելու վերաբերյալ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը:
«Անձամբ շահագրգռված եմ, որ «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծն ընդունվի, ու այն հաստատապես ընդունվի: Սակայն տուգանքների մասով հասարակական ընկալումը դեռ միանշանակ չէ, ուստի փոփոխությունները պետք է ավելի սահուն կատարել: Օրենքի նախագծում որոշ հոդվածներ կվերանայվեն, և միայն դրանից հետո այն կուղարկվի խորհրդարան»,- հայտնեց առողջապահության նախարարը:
Արսեն Թորոսյանի խոսքով՝ լուրջ անելիքներ կան հատկապես ծխախոտի գովազդի, գնային քաղաքականության, ինչպես նաև հանրային իրազեկման առումով:
Պաշտոնական տվյալներով, Հայաստանում այսօր ծխում է 15 տարեկանից բարձր բնակչության 26-27%-ը (տղամարդիկ՝ 53,4 %-ը, կանայք՝ 2,3%): Ընդ որում, կանանց մի մասը գաղտնի է ծխում, բացի այդ, յուրաքանչյուր երկրորդ տղամարդը ծխում է, ինչը մտահոգիչ է:
Արսեն Թորոսյանը նշեց, որ սրտանոթային հիվանդություններն աշխարհում ավելի շատ են մահվան հանգեցնում, իսկ դրանց մոտավորապես 12%-ի հիմքում ծխախոտի օգտագործումն է և երկրորդային ծխի ազդեցությունը: Հայաստանում, ըստ նախարարի, ոչ վարակիչ հիվանդությունների շարքում սրտանոթային հիվանդությունները մահվան հանգեցնող առաջին պատճառն են, հիմքում՝ նաև ծխելը:
«Այս մտահոգիչ փաստն անտեսելն անթույլատրելի է: Կանգ առնել է պետք: Վիճակագրությունը գուժում է՝ ծխելու հետևանքով առաջացող հիվանդություններն աճի միտում ունեն: Սրտանոթային, շնչառական համակարգի ու քաղցկեղային հիվանդությունների մեծ մասը, իսկ թոքի քաղցկեղի 80-85 տոկոսը պայմանավորված է ծխախոտի երկարատև օգտագործմամբ: Այսօր կարող ենք արձանագրել, որ ծխելու դեմ պայքարի ծրագրերը դեռևս մնացել են թղթի վրա»,- ասաց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա