Էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման ուղղությամբ քննարկումներ են ընթանում. Արթուր Գրիգորյան
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական ռեսուրսների նախարարությունը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախնական քննարկումներ են սկսել՝ հնարավոր սահմաններում նվազեցնելու էլեկտրաէներգիայի սակագինը: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր այս մասին ասաց էներգետիկայի նախարար Արթուր Գրիգորյանը:
«Այս պահին քննարկումները շարունակվում են, դրանք սկսվել են երեկ երեկոյան ժամը 7-ին: Ինձ թվում է՝ մեկ-երկու օրում քննարկումները կավարտենք, և ես անպայման կտեղեկացնեմ: Եթե քննարկումների արդյունքում սակագնի իջեցում հնարալրավոր չլինի, մենք կբացատրենք՝ ինչու հնարավոր չեղավ»,- ասաց նա՝ միաժամանակ չբացառելով, որ քննարկումների արդյունքում սակագինը կարող է և չնվազեցվի:
Հարցին՝ մոտավորապես ե՞րբ հնարավոր կլինի սակագնի նվազեցում ակնկալել, նախարարը պատասխանեց՝ ընթացիկ տարվա օգոստոսից հետո: Նա այս ժամկետը հիմնավորեց այն հանգամանքով, որ էլեկտրաէներգիայի սակագինն օրենքով սահմանված կարգով վերանայվում է 6 ամիսը մեկ: Վերջին վերանայումը տեղի է ունեցել փետրվար ամսին, ինչն էլ նշանակում է, որ հաջորդ վերանայումը կարող է լինել միայն օգոստոսին:
Ինչ վերաբերում է գազի ներտնային սպասարկման վճարի չեղարկման մասին տեղեկություններին, Արթուր Գրիգորյանը նշեց, որ ինֆորմացիան չի համապատասպատասխանում իրականությանը:
«Անձամբ ես տեղյակ չեմ, նման քննարկումներ այս պահին չեն ընթանում: Վճարների չեղարկում հնարավոր չեմ համարում»,- նշեց գործադիրի ներկայացուցիչը:
Անդրադառնալով հանքարդյունաբերության ոլորտում հնարավոր բացահայտումներին՝ էներգետիկայի նախարարը նշեց, որ ԱԱԾ-ի հետ այս պահին որևէ համագործակցություն չունեն, միաժամանակ՝ ինքը տեղյակ չէ ՝ արդյոք Ազգային անվտանգության ծառայության 350 հոգանոց ցուցակում կա՞ն խոշոր հանքարդյունահանողներ:
Իսկ չի՞ կաշկանդվելու հանքարդյունաբերության ոլորտում կարգուկանոն հաստատելու գործում՝ հաշվի առնելով, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անունը կապվում է այս ոլորտի հետ:
«Միանշանակ ոչ: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ով ընդերքօգտագործման թույլտվություն ունի, նա ինձ հետ զրույցում հետևյալ հանձնարարականն է տվել. Եթե ստուգումներ, ապա առաջինը՝ իրենից: Նա թաքցնելու ոչինչ չունի: Մենք թափանցիկ կաշխատենք»,- ասաց նախարարը:
Վերջում նախարարն անդրադարձավ նաև «Նաիրիտ» գործարանի ճակատագրին՝ տեղեկացրեց, որ երեկ հանդիպել է համակարգող խմբի հետ, քննարկել գործարանի հետագա գործունեության վերաբերյալ ծրագրեր «Այս պահին այդ ծրագրով հետաքրքրված միջազգային կազմակերպություններ կան, որոնք մոտ ժամանակներս կայցելեն Հայաստան, կանցկացնեն տեխնիկական-աուդիտորական աշխատանքներ: Կունենանք համապատասխան եզրակացություն»,- ամփոփեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին