Սպանված ռուս լրագրողը երբեք իրեն սպառնացող վտանգների մասին չի խոսել
Կիևում սպանված ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյի ծանոթները պատմել են, թե ինչ է կատարվել մայիսի 29-ին՝ լրագրողի սպանության օրը։ Ինչպես տեղեկացնում է Strana.ua-ն, Բաբչենկոյի ընկերը՝ Յուրի Մացարսկին, պատմել է, որ վերջինս փոքրիկ արձակուրդից հետո մայիսի 29-ին վերադարձել է Կիև։ Երեկոյան Բաբչենկոն և կինը՝ Օլգան, որ Մոսկվայից վերադարձել էր ամուսնու մոտ, մտադիր էին հյուր գնալ։
Յուրի Մացարսկին ասել է, որ չի կարող լրագրողի սպանությունը կապել ինչ-որ կոնկրետ նյութի հետ, որի ուղղությամբ աշխատում էր։ Նա հավելել է, որ չի կարող հիշել վերջին ամիսների ինչ-որ դեպք, որ Բաբչենկոն խոսեր ինչ-որ հետապնդման կամ որևէ այլ կասկածելի բանի մասին։ «Հակառակը, նա առույգ և ուրախ էր։ Ասում էր, որ շատ ծրագրեր ունի, աշխատանքը շատ է։ Անընդհատ պատրաստվում էր գիրք գրել, սակայն հերթը դրան չէր հասնում»,- պատմել է նա։
Մացարսկու խոսքով՝ գիրքը պետք է հիմնվեր Ուկրաինայի արևելքում պատերազմի վերաբերյալ հրապարակումների վրա։ Բաբչենկոն Ռուսաստանից հեռացել է 2017 թ. փետրվարին՝ սպառնալիքներից հետո։ Նա մի քանի ամիս անցկացրել է Պրահայում, ևս մի քանի ամիս՝ Իսրայելում։ 2017-ի ապրիլից ապրում և աշխատում էր Կիևում։ Նիկոլսկո-Սլոբոդսկիի տանը նա ընդամենը մի քանի ամիս անցկացրեց։
Լրագրողի ընկերները պատմում են, որ նա բավական երկար ժամանակ Կիևում բնակարան էր փնտրում և շատ ուրախացավ, երբ գտավ այս բնակարանը. նրան շատ դուր եկավ գետափնյա այս շրջանը։ Ընկերներն ասում են, որ Բաբչենկոյի այս բնակարանի մասին գիտեր միայն նրա ընկերական նեղ շրջապատը, սակայն վերջերս նա ծունկը վնասել էր, այդ պատճառով քիչ էր դուրս գալիս տնից և սկսել էր ակտիվորեն հյուրեր ընդունել։
Ոստիկանությունը հայտարարել է, որ Բաբչենկոյից որևէ սպառնալիքի կամ վտանգի մասին հայտարարություն չի ստացել, նա ոչ մի անգամ թիկնապահ տրամադրելու հարցով իրենց չի դիմել։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում