ՀՀԿ-ն պատրաստ է թե ընտրական օրենսգրքի շուրջ, թե արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումների. Դավիթ Հարությունյան
«Մենք պատրաստ ենք քննարկել արտահերթ ընտրությունների անցկացումը»,- այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԳՄ անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
«Մենք պատրաստ ենք թե ընտրական օրենսգրքի շուրջ, թե արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումների, բայց դրանք պետք է տեղի ունենան ԱԺ բոլոր քաղաքական ուժերի միջև։ Խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը պետք է մասնակցեն այդ քննարկումներին, սկզբունքորեն սա է պահանջում թե ժողովրդավարական մոտեցումը, թե մեզանում ձևավորված ավանդույթը։ Սակայն, առ այս պահը, դեռևս որևէ առաջարկություն ՝մասնակցելու նման քննարկումներին , մենք չենք ստացել, բայց հայտնում ենք մեր պատրաստակամությունը»,- նշեց Դավիթ Հարությունյանը։
Նա նաև ասաց, որ իրենք ողջունում են Նիկոլ Փաշինյանի այն միտքը, թե պետք է ընտրություններն անցկացվեն մի քանի լրացուցիչ մեխանիզմներ ներդնելով, մասնավորապես, որ պետք է լինի մատնահետքերի մեկ միասնական, միմյանց հետ փոխկապակցված բազա։ «Մենք համարում ենք, որ սա օգտակար առաջարկություն է և պատրաստ ենք մասնակցելու ընտրական օրենսգրքի քննարկումներին՝ հատկապես պաշտպանելով պարոն Փաշինյանի արտահայտած այդ դրույթը։ Մեկ այլ դրույթ, համաձայն որի, պետք է ապահովվի ցուցակների մոբիլությունը։ Այսինքն, եթե որևէ անձ դուրս է գալիս երկրից, պետք է արգելափակվի նրա ընտրական իրավունքը»,- ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է ռեյտինգային համակարգին, Դավիթ Հարությունյանը նշեց, որ իրենք համարում են՝ այն շատ օգտակար համակարգ է, քանի որ 100 տոկոսանոց ընտրակարգի դեպքում քաղաքականությունը կենտրոնանում է մայրաքաղաքներում, ինչը բերում է բացասական հետևանքների։ «Այդուհանդերձ, մենք պատրաստ ենք քննարկել այդ հարցը, թեև Հայաստանի ապագայի համար նման համակարգը համարում ենք հույժ կարևոր»,- ընդգծեց նա։
Հարցին , թե ինչով է պայմանավորված ՀՀԿ-ի այս դիրքորոշումը, Դավիթ Հարությունյանն ասաց, որ համագործակցության եզրեր պետք է փնտրեն բոլոր խորհրդարանական ուժերը անկախ դիրքորոշումից ։ «Իսկ թե ինչով է պայմանավորված այդ մեսիջը՝ այն թյուընկալմամբ, որը ստեղծվում է հասարակությունում, թե ՀՀԿ-ն ամեն ինչ անելու է, որպեսզի տապալի թե արտահերթ ընտրությունները, թե ընտրական օրենսգրքի փոփոխությունները»,- նշեց Դավիթ Հարությունյանը։
Նրա խոսքով` արտահերթ ընտրությունները պետք է լինեն քննարկումների արդյունքում:
«Մենք չենք տեսնում որևէ արգելք, որպեսզի լինեն արտահերթ ընտրություններ: Հայտարարում ենք, որ մեզ համար փակ հարցեր չկան։ Մենք ոչ թե փոխում ենք մեր դիրքորշումը, այլ պատրաստ ենք քննարկել արտահերթի հարցը: Ռեյտինգայինի՝ բաց ցուցակների մասով պատրաստ ենք քննարկել, ներկայացնել մեր փաստարկները, լսել հակափաստարկները և հանգել եզարակացության: Մեզ համար որևէ փակ, չքննարկվող հարց չկա: Միակ բանը, որ կուզենայի շեշետել, դա Նիկոլ Փաշինյանի այն երկու սկզբունքներն են, որ հայտարարել է, հույս ենք հայտնում, որ նա դրանցից չի նահանջելու», - հավելեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան