Իրանական ընկերությունը մտադիր է Արմավիրի երկու գյուղում պիստակի ինտենսիվ այգիներ հիմնել
Իրանական «Թանա Պարտեզ» ՍՊԸ-ն մտադիր է Արմավիրի մարզի Արտամետ և Բաղրամյան համայնքներում ձեռք է բերել 600 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնցից 400 հեկտարի վրա նախատեսվում է հիմնել կաթիլային եղանակով ոռոգվող պիստակի ինտենսիվ այգիներ: Մտադրության մասին տնօրեն Բեհզադ Էսլահչին տեղեկացրել է գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի հետ հանդիպմանը:
ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Արթուր Խաչատրյանն ընդգծել է, որ նման ծրագրերը կարևոր են մեր երկրում գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար, քանի որ հնարավորություն են ընձեռում ոչ միայն ավելացնել մշակովի հողատարածքների ծավալները, այլ նաև նոր մշակաբույսեր ներմուծել Հայաստան:
Բեհզադ Էսլահչին համառոտ ներկայացրել ընկերության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը: Մասնավորապես, նա նշել է, որ նախքան այգիների հիմնումը նախատեսվում է իրականացնել մի շարք հետազոտություններ` Հայաստանի բնակլիմայական պայմաններին առավել նպատակահարմար պիստակի սորտեր ընտրելու ուղղությամբ: Բացի այդ, կառուցվելու են նաև կուտակիչ ջրամբարներ և այգու ոռոգման համար առանձին ջրագիծ:
Միաժամանակ Բեհզադ Էսլահչին տեղեկացրել է, որ ընկերությունը նպատակ ունի ընդարձակել գործունեությունը, հիմնել պիստակի չորացման ու փաթեթավորման արտադրամաս և այս հարցում ակնկալում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությունը:
Նախարար Արթուր Խաչատրյանը հյուրերին հավաստիացրել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն իր լիազորությունների շրջանակում կաջակցի ընկերությանը` Հայաստանում արդյունավետ գործունեություն ծավալելու նպատակով:
Հաղորդագրության մեջ չի մանրամասնվում, թե իրականական կողմը ինչ հիմունքով է ձեռք բերելու հողատարածքները՝ գնելո՞ւ է, թե՞ վարձակալելու:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում