Մեկնարկել է «Ռոստելեկոմի» և «Այբ» դպրոցի համատեղ նախագիծը
«Այբ» դպրոցում մայիսի 30-ին մեկնարկել է «Ռոստելեկոմի» հետ համատեղ իրականացվող «Բարև ապագայից» նախագծի առաջին ցուցադրություն-քննարկումը, որի մասնակիցները ծանոթացել են ապագայի տեխնոլոգիաների համաշխարհային վերջին միտումներին, հաղորդակցվել են ամենաանհավանական ոլորտներում դրանց կիրառությանը (օրինակ՝ արհեստական բանականությանն արվեստում) և տեղեկացան հայաստանյան զարգացումներին։
Ընկերությունից հայտնում են, որ «Ռոստելեկոմը», լինելով ՏՀՏ ոլորտի առաջատար ընկերություններից մեկը, միացել է «Այբ» դպրոցի սաների նախաձեռնած «Բարև ապագայից» նախագծին՝ մեծապես կարևորելով տեխնոլոգիաների միջազգային զարգացումների վերաբեյալ հանրային իրազեկման նմանօրինակ միջոցառումների իրականացումն ու տեխնոլոգիական մտածողության զարգացումը հատկապես երիտասարդների շրջանում։
«Այբ» դպրոցի «Տեխնոշարժ» ակումբի աշակերտները ներկայացրին «Բարև ապագայից» նախագիծը, որի շրջանակներում ցուցադրվեցին արհեստական բանականության ստեղծած արվեստի գործեր։
«Ամեն դար ունեցել է իր նորարարությունն արվեստում։ Մեր դարն արհեստական բանականության դար է, և զարմանալի չէ, որ նորարարության ոգևորությունները դեպի արվեստ են գալիս հենց արհեստական բանականությունից։ Այն, ինչ մտածեցին և իրականացրին «Այբ»-ի աշակերտները, դրա վառ ապացույցն է։ Միացնելով երկու շատ տարբեր աշխարհ՝ նրանք ստեղծեցին մի յուրօրինակ երևույթ, որի նմանը չկա. ցուցահանդեսի ժամանակ ներկայացվում է արհեստական բանականության կողմից ստեղծված արվեստի աշխատանք։ Ցուցահանդեսին մասնակցում է ոչ թե երկու հեղինակ՝ գեղանկարիչ և լուսանկարիչ, այլ երեք՝ լուսանկարիչ, գեղանկարիչ և արհեստական բանականություն»,- ասել է «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը։
Ապագայի տեխնոլոգիաներն ու մարդկության տեխնոլոգիական ապագան արդի ամենաքննարկվող ու հեռանկարային թեմաներից են։ Ըստ որոշ տեսակետների՝ տեխնոլոգիաների զարգացումն ու մարդկային գործոնի նվազեցումը վտանգում են մի շարք մասնագիտությունների գոյությունը։ Մյուս կողմից, սակայն, պատմությունը փաստում է, որ գիտատեխնիկական առաջընթացը մշտապես նպաստել է մարդկության զարգացմանը և կենսական ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործմանը՝ ավելի շատ ժամանակ ազատելով ստեղծագործելու համար։
«Այսօր երեխաների կողմից արհեստական բանականության ճիշտ ընկալումը ապագայում նրանց հնարավորություն կտա դրա կիրառման համար նորանոր ուղղություններ գտնելու։ Արհեստական բանականության կիրառությունն օրեցօր ավելի ու ավելի լայն շրջանակներ է ընդգրկում՝ նվազեցնելով մարդկային աշխատանքն ու ջանքերը։ Ուրախալի է, որ «Այբ» դպրոցը, ի թիվս այլ ուղղությունների, կարևորում է երեխաների տեխնո կրթությունն ու մտածողության զարգացումը։ Համոզված եմ՝ այսօրվա քննարկումն ու ցուցահանդեսը շատ օգտակար կլինեն մասնակիցներին և ընդհանուր պատկերացում կտան այն ամենի մասին, ինչը ակամա մեզանից յուրաքանչյուրը մոտ ապագայում կիրառելու է»,- նշել է «Ռոստելեկոմ Հայաստանի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Ցուցահանդեսի հեղինակներին հաջողվել էր խնդրին մոտենալ այլ տեսանկյունից ու ներկայացնել, թե ինչ դեր ունեն տեխնոլոգիաներն արդեն այսօր մեզանից յուրաքանչյուրի կյանքում և ինչ ազդեցություն՝ կենսակերպի, կրթության և մասնագիտության վրա։
Ցուցահանդեսին զուգահեռ ոլորտի առաջատար մասնագետները՝ «Այբ» դպրոցի «Տեխնոշարժ» ակումբի ղեկավար Վազգեն Հակոբջանյանը, ՀԱՀ-ի դասախոս, տվյալագիտության բաժնի համահիմնադիր Արթուր Խալաթյանը, «HiLearn»-ի հիմնադիր և տնօրեն, ՀԱՀ-ի դասախոս Արսեն Մամիկոնյանը և ՀԱՀ-ի դասախոս, «Datamotus» ընկերության տնօրեն Հաբեթ Մադոյանը ներկայացել են տեխնոլոգիաների զարգացման իրենց տեսլականը և քննարկել են այդ զարգացման ճանապարհին մարդկանց ունեցած դերն ու մասնակցության հնարավորությունները և, ամենակարևորը, թե ինչպես պատրաստվել այսօր ապագայի ամենահետաքրքիր մասնագիտություններին։
Հարակից հրապարակումներ`
- Հուշագիր՝ «Ռոստելեկոմ»-ի և «Փորձագիտությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի միջև
- «Ռոստելեկոմ»-ը շնորհավորում է մայիսի 9-ը և ներկայացնում անակնկալներն իր բաժանորդների համար
- «Ռոստելեկոմ»-ը Onex առցանց գնումների արագ առաքման ծառայության հետ հանդես են գալիս համատեղ առաջարկներով
- «Ռոստելեկոմ»-ը Հայաստանում մեկնարկում է «Հեռախոսային սպասարկում» ծառայությունը
- «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրենը վարպետության դաս է անցկացրել «Հաջողված բիզնեսի գաղտնիքները» թեմայով