Ի՞նչ կապ ունի՝ ում հանքն է, բոլոր հանքերը ստուգվելու են. Բնապահպանության նախարար
Լրագրողներն այսօր ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ որոշում կայացվեց հանքերի շահագործման մասով ստուգումներ անցկացնելու, արդյոք այն պատճառով, որ ոլորտում տարիներ շարունակ բարձիթողի վիճակ է:
«Իրականում խզվածք կա փորձաքննության եզրակացություն ստանալուց հետո և իրական գործունեության հետ կապված: Երբ հանքարդյունաբերական կազմակերպությունը շրջակա միջավայրի ազդեցության դրական գանհատականն էր ստանում, դրանից հետո գործունեությունը մոնիտորինգի և ստուգման պետք է ենթարկվեր։ Մոնիտորինգի համակարգը հստակեցված չէր, և ստուգումները դադարեցված էին։ Ստուգումներն ուղղակի անհրաժեշտություն են իրավիճակի մասին տեղեկատվություն ստանալու համար», - ասաց նախարարը։
Նախարարը հավաստիացրեց՝ որևէ տարբերակում չի դրվելու և անկախ նրանից, թե ում է պատկանում հանքը՝ միևնույն է, ստուգումներ են իրականացվելու։
«Ի՞նչ կապ ունի՝ ումն է, անուններ թվեք: Կա օրենք: Այսօրվա դրությամբ նույն Գագիկ Ծառուկյանին պատկանող ոսկու հանքի շրջակա միջավայրի փորձաքննության գործընթացը դադարեցվել է: Շրջական միջավայրի փորձաքննության էին գործընթացի էին դիմել, քանի որ կային խնդիրեներ, մենք դադարեցրել ենք»,- ասաց Գրիգորյանը: