Նոր մարզպետները չեն կարող ներկայացնել քրեաօլիգարխիան. նախարար
Ինչպես ՀՅԴ-ից, այնպես էլ ԲՀԿ-ից մարզպետներ կնշանակվեն առաջիկա օրերին: Լրագրողների հետ զրույցում այս մասին այսօր հայտարարեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով:
Իսկ լինելո՞ւ են նախկին մարզպետներ, որոնք վերանշանակվելու են, հետաքրրքվեցին լրագրողները:
«Եկեք սպասենք վաղվան, թող անակնկալ մնա»,- ասաց Պապիկյանը՝ միայն հստակ կերպով բացառելով, որ Լոռու մարզպետի պաշտոնում նշանակվելու է Քրիստ Մարուքյանը:
Նախարարը շեշտեց, որ մարզպետներին ընտրել են ըստ արժանիքների, հիմքում դրել են նոր Հայաստանի տեսլականը: Հաշվի են առնվել նաև կրթական մակարդակն ու անցած ուղին:
«Չափանիշները հետևյալն են՝ նրանք չեն կարող ներկայացնել քրեաօլիգարխիան, չեն կարող զբաղվել բիզնեսով: Այսինքն՝ պաշտոնյան այլևս պետք է Հայաստանում իմանա, որ իր դերակատարումն օրենքով սահմանված կարգով իր պարտականությունների կատարումն է:
Այլևս Հայաստանում չի լինելու այնպես, որ ինչ-որ մեկը ինչքան ուզի, էնքան խփի: Նման բան այլևս Հայաստանում բացառվում է: Եվ մենք մեր բոլոր հնարավոր միջոցներով պետք է ամեն ինչ անենք, որ ապագա խորհրդարանական ընտրությունները հասցնենք էն փուլին, որ 1996 թվականից հետո առաջին անգամ Հայաստանում լինեն ազատ, արդար ընտրություններ»,- հայտարարեց Սուրեն Պապիկյանը: