Փոխարտգործնախարարը՝ Հայաստան-ԵՄ համաձայնագրի մասին
Հայկական կողմի ընկալմամբ՝ Հայաստան-ԵՄ համաձայնագրի 80 տոկոսը մտնելու է ուժի մեջ, սակայն ակնկալել, որ հունիսի 2-ին մեր կյանքում մեծ փոփոխություններ են տեղի ունենալու, միամտություն է: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Արմեն Պապիկյանը:
«Դա գործընթաց է, որ պետք է շարունակվի, և ես հուսով եմ, որ երկկողմանի ստանձնած պարտավորությունները կամաց-կամաց, ժամանակի ընթացքում կյանքի կկոչվեն»,- ասաց պաշտոնյան:
Ճշգրտող հարցին, եթե ոչ հունիսի 2-ին, ապա մոտավորապես ե՞րբ հնարավոր կլինի զգալ փոփոխությունները, Պապիկյանը պատասխանեց՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը դեռ պետք է վավերացվի անդամ երկրների կողմից:
«Այս պահին համաձայնագիրը վավերացրել են Մերձբալթյան երեք հանրապետությունները: Մեր բոլոր հանդիպումների ընթացքում մենք խոսում ենք համաձայնագրի վավերացման անհրաժեշտության մասին և ԵՄ անդամներին կոչ ենք անում հնարավորինս արագացնել այն»,- ասաց Արմեն Պապիկյանը:
ՀՀ փոխարտգործնախարարը շեշտեց, որ ԵՄ-ի կողմից 2017-2020 թվականների համար Հայաստանին տրվող 176 միլիոն եվրոյի դրամաշնորհների ծրագրերում ներառված բաղադրիչները վերաբերում են ամենատարբեր ոլորտների՝ սկսած տրանսպորտից, մինչև մարդու իրավունքներ և արդյունավետ կառավարում:
«Ինձ թվում է՝ պետք է սպասել»,- նշեց պաշտոնյան:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ հայկական կողմի կարծիքով, արդյոք ուշանո՞ւմ է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը: Պապիկյանը պատասխանեց՝ նման մեսիջներ չկան, և իրենք լիահույս են, որ բոլոր անդամ երկրները հնարավորին արագ կռատիֆիկացնեն համաձայնագիրը:
Իսկ հնարավո՞ր է, որ Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները նպաստեն գործընթացի արագացմանը. «ԱԳՆ-ը չէ, որ պետք է գնահատական տա, մեր եվրոպացի գործընկերներն արդեն կարծիք հնչեցրել են: Կարծում եմ՝ փոփոխություններն օգուտ են տալիս վավերացման գործընթացին»:
Անդրադառնալով 2018 թվականին Հայաստանին ԵՄ-ի կողմից հատկացվող գումարի չափին՝ Պապիկյանը նշեց՝ նախատեսված է 36 միլիոն եվրո, սակայն «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքի գործադրմամբ հնարավոր է գումարի չափն ավելացնել: Այն է՝ ամենատարբեր բնագավառներում ստանձնած բարեփոխումներն անշեղորեն կատարելու դեպքում գումարի չափը, հնարավոր է, ավելանա:
Ինչ վերաբերում է վիզաների ազատականացման գործընթացին՝ գործադիրի ներկայացուցիչը հիշեցրեց՝ թեմայի շուրջ քննարկումները սկսվել են 2014 թվականից, լիարժեք մեկնարկը պայմանավորված է ԵՄ անդամ երկրների դիրքորոշումից:
«Կարող եմ վստահեցնել, որ այս հարցը ԱԳՆ օրակարգում է: Հասկանում եմ, որ ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի ստացման հետ կապված խնդիրներ են առաջանում»,- ամփոփեց Պապիկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վիզաների ազատականացման հարցն օրակարգային է ԱԳՆ համար
- Հուսով ենք, ԵՄ-ն շուտով ՀՀ-ին կտրամադրի վիզաների ազատականացման մեկնարկի գործողությունների ծրագիրը. Նազարյան
- Հայաստանում ՎիզաՄետրիկ ընկերությունը շենգենյան վիզայի դիմումներ չի ընդունի
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին