ՌԴ Դաշնային խորհուրդն առաջարկում է մշակութային հաստատություններում արգելել ալկոհոլային խմիչքների վաճառքը
«Անհրաժեշտ է մշակութային հաստատություններում դադարեցնել ալկոհոլային խմիչքների վաճառքը վանդալիզմի դեպքերը կանխարգելելու համար, ինչպես, օրինակ վերջերս Տրետյակովյան պատկերասրահում տեղի ունեցած միջադեպը, որտեղ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող այցելուն վնասել է Ռեպինի «Իվան Ահեղը ու նրա որդի Իվանը» կտավը…»,- նշել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, գրում է ՌԻԱ Նովոստին:
Նա նաև ասել է, որ այս դեպքում խիստ պատասխանատվության ավելացումով ոչնչի չեն հասնի: «Այդպիսի հանցագործությունները, որպես կանոն, կատարվում են հոգեկան հիվանդների կամ ալկոհոլային ազդեցության տակ գտնվողների կողմից: Այստեղ մենք պետք է նայենք անվտանգության ապահովմանը: Ինչո՞ւ են մեր թանգարաններում օղի և կոնյակ վաճառում: Թանգարաններում, մշակութային կենտրոններում ի՞նչ հիմունքներով կարող են խմիչք խմել»,- հայտարարել է նա լրագրողներին:
Բանախոսը նշել է, որ այս փուլում անհրաժեշտություն չի համարում օրենսդրությունը խստացնել՝ մշակութային օբյեկտների նկատմամբ վանդալիզմի պատասխանատվության ավելացման տեսանկյունից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Տրետյակովյան պատկերասրահում մի տղամարդ մետաղական իրով կոտրել էր նկարի ապակին ու վնասել Ռեպինի հայտնի կտավը: Մասնավորապես, կտավը երեք տեղում կտրվել է, վնասվել է նաև հեղինակային շրջանակը: Նկարը վնասած տղամարդը ձերբակալվել է: