Ֆրանսիայում մեկ տարում 1 մլն մարդ թողել է ծխելը
Վերջին տասնամյակում Ֆրանսիայում ծխողների թվի ռեկորդային անկում է գրանցվել: BBC-ին գրում է, որ 2016-2017թթ. համեմատությամբ նրանց թիվը նվազել է 1 միլիոնով:
Այս մասին են վկայում Ֆրանսիայի հանրային առողջապահական ծառայության կողմից անցկացված հասարակական հարցման արդյունքները: Ըստ աղբյուրի, ծխողների թվի նվազում է նկատվում դեռահասների, ինչպես նաև ցածր եկամուտ ունեցող մարդկանց շրջանում:
Հետազոտությունում նշվում է, որ դրա հնարավոր պատճառը վերջերս Ֆրանսիայում ընդունված հակածխախոտային նորմերի փոփոխություններն են:
Մասնավորապես, վերջին տարիներին երկրում բոլոր ապրանքանիշերի սիգարետների համար սահմանել են միանման փաթեթներ, փոխհատուցումներ են տրամադրվում այն մարդկանց, որոնք ծխախոտի փոխարինիչներ են օգտագործում: Բացի այդ, բարձրացրել են ծխախոտի գները և անցկացրել են արշավներ, օրինակ՝ Առանց ծխելու ազգային ամիս և այլն:
Ըստ հետազոտության՝ 2017 թվականին 18-ից մինչև 75 տարեկան ֆրանսիացիների 26,9%-ը ծխել են ամեն օր, իսկ դրանից մեկ տարի առաջ՝ 29,4%-ը: Բացարձակ թվերով դա նշանակում է, որ ծխողների թիվը 13,2 միլիոնից նվազել է՝ հասնելով 12,2 միլիոնի:
Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մայիսի 31-ը նշում է որպես ծխախոտի համաշխարհային օր։ Ամեն տարի ԱՀԿ-ն միջազգային օրվա առիթով ընտրում է թեմա. այս տարվա թեման է՝ «Ծխախոտը և սրտանոթային հիվանդությունները», իսկ օրվա կարգախոսն է՝ «Ընտրիր առողջությունդ, ոչ թե ծխախոտը»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում ծխելու դեմ պայքարի ծրագրերը դեռևս մնացել են թղթի վրա. Առողջապահության նախարար
- Առողջապահության նախարար. Ծխելու դեմ օրենքը հաստատ կընդունվի
- Ռեստորաններ ու սրճարաններ չեն փակվել, տնտեսությունը չի տուժել. Օտարերկրացիները՝ ծխելն արգելող օրենքի մասին
- Արգելված վայրերում ծխելու համար սահմանված տուգանքի բարձրացում չի լինի. այժմ հստակեցումներ են արվում