Ահազանգ. Ժողովրդագրական ցուցանիշները մտահոգիչ են ու անբարենապստ
Ժողովրդագրական վերջին տարիների զարգացումները, ցուցանիշները մտահոգիչ են ու ոչ բարենպաստ: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր ահազանգեց Աշխատանքի և սոցիալական հարցերի ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը:
«Շարունակում է տեղի ունենալ մշտական բնակչության թվաքանակի կրճատում: 2017-ին 2016-ի համեմատ ունենք 13 200 մշտական բնակչի նվազում: Ծնունդների թիվը նախորդ տարի հասել է 37.700-ի, արձանագրվել է տարեկան 40 հազար հոգեբանական շեմի նվազում: Մահացությունների թիվը կրճատվել է ավելի քան 800-ով»,-մտահոգիչ վիճակագրությունը հրապարակեց նախարարության պաշտոնյան:
Սրան զուգահեռ նվազել են ամուսնությունները, ավելացել ամուսնալուծությունները: «Ամուսնությունների թիվը կրճատվել է շուրջ հազարով, ամուսնալուծությունների թիվն ավելացել է մոտ 290-ով»,-ասաց Վ. Բաբաջանյանը:
Դրական մի միտում կա. Ուղևորափոխադրումների բացասական մնացորդը կրճատվել է: Եթե 2016-ին բացասական մնացորդը կազմում էր շուրջ 48 հազար, ապա 2017-ին այդ ցուցանիշը բարելավել է՝ հասնելով մոտ 26 հազարի:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի երևանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանն առավել թարմ տվյալներ ներկայացրեց՝ 2018-ի առաջին եռամսյակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
«Ծնունդների թիվը նվազել է 300-ով, շուրջ 12 հազարով նվազել է բնակչության թիվը: Ուրախալի է, որ մի փոքր աճել է ամուսնությունների թիվը՝ 36-ով, ցավող սրտի, ավելացել են ամուսնալուծությունները՝ 50-ով»,-ասաց ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչը՝ միաժամանակ ուրախություն հայտնելով, որ ամուսանալուծությունների թվի աճի դանդաղում են նկատում:
2018-ի առաջին եռամսյակում գրանցվել է 1021 ամուսնալուծություն, 2017-ի առաջին երեք ամիսներին՝ 972, 2016-ին հունվար-մարտին՝ 851:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է
- Վերջին տարիներին նվազել են թե ամուսնությունները, թե ամուսնալուծությունները. Կույումջյան
- ԱՎԾ. Ամուսնությունները նվազել են 7,4%-ով
- Եթե այսօր չձևավորվեն մոտեցումներ, մինչև 2035-ը ծնունդների թիվը կրկնակի կնվազի. Արմեն Մուրադյան