Եկեղեցին մերժում է մեղքը, ընդունում մեղավորին. քահանան՝ փոքրամասնությունների մասին
Հայաստանում սեռական փոքրամասնությունների թեման միշտ քննարկման առիթ է դարձել, սակայն հատկապես ակտիվացել է վերջին օրերին՝ Էլթոն Ջոնի այցի հետ կապված: Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր պատասխանատու Տեր Եսայի քահանա Արթենյանը մայիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ եկեղեցու դիրքորոշումն այդ հարցում չի փոխվել երբեք, սակայն հաճախ այն աղավաղված է ներկայացվում: Այդ կերպ, ըստ բանախոսի, առիթ են փնտրում քննադատելու ոչ միայն եկեղեցուն, այլև այն խավին, որ ավելի պահպանողական է՝ ներկայացնելով իբրև այդ կերպ հասարակության մեջ փոքրամասնություններ են հալածվում:
«Նման բան գոյություն չունի, այս օրերին հատկապես այն կարծիքը ունենք, մենք մերժում ենք երևույթը, մեղքը՝ ընդունելով մեղավորին: Անկախ նրանից՝ մարդը ինչ դիրքորոշում ունի, եկեղեցին որևէ մեկի առաջ դռները չի փակում, ուստի չի կարելի ասել, թե դու պատկանում ես այսինչ կամ այնինչ փոքրամասնությանը, այսինչ դիրքորոշումն ունես, մենք մերժում ենք»,- ասաց նա՝ հավելելով, որ եկեղեցուց շատ ոչ ոք պետք է մտահոգված չլինի որևէ անձի խնամքի առումով:
Նրա խոսքով՝ եկեղեցին հովվական իր ծառայության ընթացքում համայնքային կյանքում շատ է առիթ ունենում այս տեսակ մարդկանց հետ առնչվելու, որևէ կերպ չեն կարող արձանագրել, որ մարդը դիրքորոշման համար հռչակվի կործանված, հակառակը, եկեղեցին մտահոգված է նրանց խնամքով ու հոգածությամբ, նրանց ճիշտ ճանապարհի բերելու անհրաժեշտությամբ:
«Գաղտնիք չէ, որ շատ կազմակերպություններ, հատկապես՝ արևմտյան, մեր երկրում կարող են հովանավորել նման շարժումները, իբր նրանց իրավունքներն են պաշտպանում, այս հողի տակ քարոզչություն անեն: Եկեղեցուց լավ ոչ ոք չի կարող նրանց իրավունքները պաշտպանել, որովհետև դա չի նշանակում ծափահարել, ասել՝ շարունակեք քարոզչություն անել, մենք օգնում ենք նրան հետ կանգնել այդ ճանապարհից»,- ասաց նա:
Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ ոմանք դիտավորյալ խեղաթյուրում են իրականությունը, ասում՝ այդ մարդիկ այդպես ծնվել են, ինչն իրականում մեծագույն սուտ է, այդպիսի բան չկա: Քահանան ասաց, որ ինքը երբեմն առիթ ունեցել է նրանց հետ աշխատանքի, երբ մարդիկ եկել են եկեղեցի՝ ցանկանալով դարձի գալ, ասել են, որ այդպես են դարձել դաստիարակության, սոցիալական ու տարբեր խնդիրների արդյունքում: Տեր Եսային նշեց, որ չի բացառում՝ կարող են լինել մարդիկ, որոնք ի ծնե կարող են ունենալ նման դիրքորոշում, ապա ասաց՝ դա մեղք է, շնության մեղքը, որի դեմ պիտի պայքարեն, որ երևույթը հասարակությունում տեղ չունենա՝ այդ մարդկանց չմերժելով:
«Մարդուն պիտի ընդունես այնպիսին, ինչպիսին նա կա՝ իր խնդիրներով, դժվարություններով, նրանք պիտի հասկանան, որ եկեղեցում իրենց չեն խարանելու, իրենց նկատմամբ խտրական վերաբերմունք չեն ցուցաբերելու: Նրանք մի քիչ ավելի վախվորած, երկմտանքով են մտնում եկեղեցի՝ դիմելով որևէ հոգևորականի, մտածում՝ իրենց կարող է ճիշտ չհասկանան: Բայց այս խնդիրը մեզ համար նոր չէ, մենք տարիների փորձ ունենք, առիթ ենք ունեցել այս թեմային անդրադառնալու, մոտեցումներին, ինչպես կարող ենք նրանց առաջնորդել, որ այս վիճակից դուրս գան»,- ասաց նա:
Էլթոն Ջոնն, ըստ քահանայի, Հայաստանում ընկալված է և սիրված՝ որպես մշակույթի գործիչ, երգիչ է, որի երգերը բոլորն էլ լսել են, սիրում են, բայց նաև հասկանալի է՝ քարոզչությունը լինում է քողարկված, պետք է զգոն լինել, որ նման քարոզչությունը սահմանափակվի: Նրա կարծիքով՝ կտրականապես արգելելը ճանապարհ չէ, երևույթը կա Հայաստանում, այդ մարդիկ գալով չէ, որ սկսվում է, այլ հարց է, որ ոմանք կարող են սրանից օգտվել, ոգևորվել, ակցիաներ անել:
«Այս խնդիրները մեզանում կան, մենք պատրաստ ենք այս խնդիրներին՝ և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, և համասեռամոլության առումով: Այնպես չէ, որ հոգևորականները միայնակ են գործում, մենք նաև մասնագետների ենք դիմում: Անցյալ տարվա մեջ ես երկու դեպք եմ ունեցել իմ հովվական ծառայության ընթացքում, երբ մարդիկ դիմել են. փառք Աստծո, մենք կարող ենք արձանագրել, որ իրենք այդ ճանապարհից հետ են կանգնել: Երկար աշխատանք է պետք, սակայն կարևորը իրենց ցանկությունն է: Եթե այդ ցանկությունը չկա, հոգևորականը ոչինչ չի կարող անել: Այս տարի նման դեպք կար, երբ եկել էր, բայց հասկացա, որ նա շահարկում էր պարզապես, այդ ճանապարհից դուրս գալու նպատակը ազնիվ չէր»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան