«Ոսկե ծիրան 2018»-ին կտեսնեք մարդկանց, ում երազել եք տեսնել. Հարություն Խաչատրյան
Հայ ֆիլմասերների սպասված տոնը՝ «Ոսկե ծիրան»-ը, կմեկնարկի հուլիսի 8-ին։ Տարին կինոփառատոնի համար հոբելյանական է. արդեն 15 տարի «Ոսկե ծիրան»-ը Հայաստանի մշակութային կյանքի անբաժան մասնիկն է։
Հունիսի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշեց՝ «Ոսկե ծիրան»-ը կարևոր մշակույթ է, այն կինոյի նկատմամբ հետաքրքրություն, սեր է արթնացնում, նաև իսկապես միջազգային փառատոն է։ Ըստ նախարարի՝ կարևոր է այն տրամադրությունը, մթնոլորտը, հետաքրքրությունը որ կա կինոյի շուրջ։
Հարցին՝ նախարարն արդյոք այս փառատոնի հետ կապված ինչ-որ առաջարկներով հանդես չի՞ եկել, նա պատասխանեց, որ այս ընթացքում աշխատել են համաձայնության գալ այն պատշաճ անցկացնելու շուրջ, նաև նախկինում առաջացած խնդիրները հաղթհարելու միջոց գտնել, հասկանալ՝ ինչպես կարելի է հետագայում նախագծեր ֆինանսավորել, որպեսզի խթանեն նոր երիզների ստեղծմանը։
Կինոփառատոնի համահիմնադիր Հարություն Խաչատրյանն ընդգծեց՝ Մակունցը նախկինում ևս այցելել է, ֆիլմեր է դիտել հետաքրքրությամբ։
««Ոսկե ծիրան»-ի նվիրյալներից է»,- ասաց նա։
Խաչատրյանը նշեց՝ եկել էր հոգսերով տարված, ուզում էր բողոքել, բայց նախարարի խոսքը ստիպեց շարունակել պայծառությամբ, խնդիրները թողնել հաջորդ հանդիպմանը։
«Աշխարհի մեծագույն ռեժիսորներ՝ օսկարակիր, Կաննի, Բեռլինի փառատոնների դափնեկիրներ են գալու Հայաստան։ Մեծագույն ռեժիսորներ, որ գիտեն՝ մեր հոբելյանն է, ցանկություն են հայտնել ներկա լինել մեր հոբելյանին։ Կարծում եմ՝ և ֆիլմերի ծրագիրը, և ժյուրին, ամեն փառատոնի հպարտանալու և պատմելու պատմություններ են»,- ասաց նա։
Խաչատրյանը խոստացավ՝ փառատոնի այցելուները կտեսնեն մարդկանց, ում երազել են տեսնել, հյուրերից շատերը եղել են արդեն Հայաստանում, բայց շատերն էլ առաջին անգամ են գալիս։
«Ոսկե ծիրան»-ի ծրագրերի պատասխանատու Միքայել Ստամբոլցյանն ընդգծեց փառատոնի հաջողության երաշխիք հանդիսացող երկու հիմնական հանգամանք՝ ծրագրերի մակարդակը և հրավիրված ժյուրին։
«Այս տարի կարող ենք հպարտանալ, որ լավ ժյուրի է հավաքվել։ Խաղարկային ֆիլմերի ժյուրին գլխավորելու է Ասղար Ֆարհադին, նրա մի օսկարակիր ֆիլմը՝ «Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը», մինչև Օսկար ստանալը «Ոսկե ծիրան» է ստացել։ Այս տարի Կաննի փառատոնն էլ բացվեց այդ ֆիլմով։ Լարի Սմիթն է մեկ այլ կարևոր դեմք. մի շարք այլ անվանի ռեժիսորների հետ հուսով ենք նա էլ վարպետության դաս կանցկացնի»,- ասաց նա։
Հանձնաժողովի կազմում են նաև Եվրոպական կինոշուկայի նախագահ Բեկի Պրոբսթը, ռուս ռեժիսոր Բորիս Խլեբնիկովը, ֆրանսահայ կինոռեժիսոր Վալերի Մասադյանը։
Վավերագրական ֆիլմերի ժյուրին կնախագահի ժամանակակից վավերագրական կինոյի նշանավոր կինոռեժիսոր Ճաո Լյանը, ժյուրիի կազմում են ռեժիսոր, սցենարիստ Ալեքսեյ Վախրուշևը, Լիտվայից ռեժիսոր և պրոդյուսեր Աուդրյուս Սթոնիսը, ռեժիսոր և պրոդյուսեր Բեն վան Լիսհաութը, Ֆրանսիայից կինոռեժիսոր Թամարա Ստեփանյանը։
Կինոփառատոնի գլխավոր գործընկեր Վիվա Սելլ-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի գնահատմամբ՝ փառատոնն ունի առաքելություն, որ ուսուցողական է, դաստիարակչական, կրթական։ «Տարեցտարի տեսնում ենք՝ հետաքրքրված երիտասարդների քանակն ավելանում է, սա կարևոր փաստ է։ Ես ուրախ եմ ասել, որ 2006 թվից միասին ենք, այսօր էլ միասին ենք տոնելու 15-րդ հոբելյանը»,- ասաց նա։
Փառատոնի համահիմնադիր Սուսաննա Հարությունյանը նշեց՝ պետք է ներկայանալ ինչպես հարկն է, ներկայացնել դեմքը, որով պետք է ներկայանալ և հյուրերին, և հանդիսատեսին։ Նա խոսեց նաև դիզայներական մասից, ասաց, որ այս տարվա դիզայներական կոնցեպտը յուրօրինակ է։
«Մենք մտածեցինք՝ ինչ ենք արել 15 տարիներին, որ կարող ենք կենտրոնացնել 15 ուղերձների մեջ»,- ասաց նա։
Փառատոնն այս տարի ունենալու է 15 տարբեր խորագրեր կրող ազդագրեր, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է փառատոնի պատմությունը, ձեռքբերումները և մարտահրավերները։ Դիզայներները նշեցին՝ փորձել են գտնել պարզ, լակոնիկ լուծումներ։
Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ այս տարի նոր արտադրական հարթակ են նախաձեռնել. այն կոչվելու է ԳԱԻՖպրո։ Աշխատանքային խումբը սկսել է Փոքր Կովկասի տարածաշրջանի կինոռեժիսորների 1-ին կամ 2-րդ լիամետրաժ ֆիլմերի համար նախատեսված՝ կինոնախագծերի և աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի համատեղ արտադրության շուկայի մասնակցության հայտերի ընդունումը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին