ԱԱԾ բացահայտումների հետքերով. «Սիրողականությունը շարունակվում է»
Ազգային անվտանգության ծառայության բացահայտումներից հետո այսօր սուպերմարկետներում մինչև 30 տոկոսով թանկացել են միրգը, բանջարեղենը, միսը: «Զովք» սուպերմարկետում աշխատակիցներն ասացին՝ բանջարեղենը թանկացել է, որովհետև «չգիտեմ ինչ օրենքներ են փոխվել»:
Լուսանկարներն արվել են այսօր «Զովք»-ում:
Հարկային օրենսդրությունը թերություններ ունի
Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի խոսքով, ստեղծված իրավիճակի համար հիմք են հանդիսացել նաև հարկային օրենսդրության մեջ առկա բացերը: Այս պահին հրատապ խնդիր է օրենսգրքի հնարավորինս շատ ու շուտ պարզեցումը:
«Հարկային օրենսգիրքը թերություններ իր մեջ շատ է պարունակում, որը հնարավորություն է տալիս օրենսդրությունը տարբեր կերպ մեկնաբանել, օգտվել օրենքի բացերից ու քիչ հարկեր վճարել: Այս բացահայտումներին զուգահեռ հրատապ անհրաժեշտություն կա առավելագույնս պարզեցնել հարկային օրենսդրությունը, որպեսզի այլևս երբեք երկիմաստության, բանավեճի կարիք պետության ու տնտեսվարողի միջև չլինի»,-Panorama.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց տնտեսագետ Առաքելյանը:
Նրա խոսքով, երկու կողմն էլ պետք է ունենան վստահության մեծ պաշար, երկու կողմից էլ պետք է բացառել հարկերի տեսակի ու ծավալի վրա ազդեցություն ունենալու հնարավորությունը:
«Տնտեսվարողը պետք է հստակ իմանա, թե ինչ հարկման ռեժիմով է ինքն աշխատելու: Ընդ որում, ոչ միայն շրջանառության ու ավելացված հարկերի այս օրինակը, այլ շատ դեպքերում հարկային դրույքները մաքսիմում այնքան մոտ են՝ օրինակ եկամտհարակն ու շահութահարկը, որ շատ հաճախ օրենքի շրջանակում մեկ այլ հարկատեսակ մուծելը դառնում է նույն բանը: Պետք է հարկային օրենսդրությունն այնպես կառուցելը, որ տնտեսվորողներին ձեռնտու չլինի նման գործարքների արդյունքում փոխել հարկատեսակը»,-մանրամասնեց Մ. Առաքելյանը:
Բացի այն, որ տնտեսվարողները, տվյալ դեպքում «Ալեքս Հոլդինգ»-ը, օգտվել է օրենքի բացերից, այլ խախտումներ էլ է արել: Տնտեսագետի կարծիքով, առաջին հերթին չվճարված հարկերը պետք է բյուջե վերադարձվեն, իսկ տնտեսվարողները աշխատեն օրենքով, նույնիսկ եթե այն փնթի է ու թերի:
«Բացի հարկ հավաքագրելուց, այո՛, բիզնեսին չխոչընդոտելն ու զարգացումը պետք է լինի կառավարության առաջնահերթություներից: Իսկ դա ենթադրում է, որ օր առաջ հարկային օրենսգրքում պետք է լինեն հեղափոխական բարեփոխումներ»,-ասաց տնտեսագետը:
Գործող մոտ երկու տասնյակի հասնող հարկերն ու տուրքերը կոռուպցիոն սխեմաների հնարավորություն են ստեղծում, լավագույն լուծումներից մեկը, ոլորտի մասնագետը համարում, է պարզեցված օրենսդրությունն ու քիչ հարկատեսակները:
«Հարկային օրենսգիրքը պարզ և հասկանալի պետք է լինի փոքր բիզնեսով զբաղվող կրպակատիրոջ համար: Իսկ այ պահին դրա շուրջ տարբեր մեկնաբանություններ ունեն հարկային ոլորտի մասնագետներն ու բավականին բարձր որակավորում ունեցող հաշվապահները»,-նկատեց նա:
Փոփոխություններից չպետք է տուժի սպառողը
Ինչպես վերևում նշեցինք, թանկացման վերաբերյալ մտահոգություններն արդեն իրականություն են դարձել: Ոլորտից տեղյակները հիմնավորված են համարում թանկացումը՝ վկայակոչելով, որ խոշոր առևտրային կենտրոնները 2 տոկոսի չափով շրջանառության հարկ վճարելու փոխարեն վճարում են 20 տոկոս ԱԱՀ և շահութահարկ: Մտավախություն կա, որ սա ունենալու է շղթայական զարգացում՝ բանջարեղենը կթանկացնեն նաև փոքր կրպակները, որոնք ավելի քիչ հարկ են վճարում: Արդյունքում ստեղծվելու է մի իրավիճակ, երբ դրսից գյուղմթերքի ներկրումն ավելի շահավետ է դառնալու:
«Հարկ չվճարելը, ցավոք, դարձել էր բարի կամքի դրսևորում: Հիմնավորում էին, որ հարկ չվճարելով լավություն են անում, որովհետև հարկային դաշտում աշխատելը խոչընդոտում է բիզնեսին, գները բարձրանում են: Ակնհայտ է մի բան, հարկերը պետք է վճարվեն օրենքով սահմանված կարգով, դա քննարկման առարկա չի կարող լինել: Ինչ վերաբերում է թանկացմանը, ապա չվճարված հարկերը պետք է վճարվեն գերշահույթի հաշվին, ոչ թե գնաճի: Կարծում եմ, այս մասով կառավարությունն իր համապատասխան մարմինների միջոցով խիստ վերահսկողություն կիրականացնի գների անտեղի բարձրացման դեմն առնելու համար»,-նման կարծիք հայտնեց Մ. Առաքելյանը՝ վստահություն հայտնելով, որ խոշոր բիզնեսում ստվերը բերել է գերշահույթների ստացման:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Panorama.am-ի հետ զրույցում նկատեց, Հայաստանը «բացառիկ» է այն առումով, որ գյուղմթերքի գինը որոշվում է ոչ թե մթերման գնով, այլ իրացման ցանցում առկա գներով: ՊԵԿ-ի ու իրացման խոշոր ցանցերի միջև պայմանավորվածությունը նա համարում է փոքր ու միջին բիզնեսի «վարի գնալու» հետևանք:
«Այս իրավիճակում շուկայում գին թելադրողը դարձել է սուպերմարկետը: Այնինչ, փոքր ու միջին բիզնեսը պետք է այնքան զարգացած լիներ, որ կարողանար զսպել սուպերմարկետում վաճառվող մթերքի գինը: Մենք տարիներ շարունակ ականատես ենք լինում հակառակ բանի, սուպերմարկետի բացման տարածքում փոքր ու միջին խանութները փակվել են, գինը թելադրում է սուպերմարկետը, հետո էլ պայմանավորվածության արդյունքում արտոնություն են տրամադրում սուպերմարկետին»,-բացատրեց ՀԿ նախագահը:
Նրա կարծիքով, տարիներ շարունակ այս ոլորտը քանդվել է ու հիմա էլ այդ գործընթացը շարունակվում է:
«Եթե կառավարությունը որոշում է գնալ այս քայլին, ապա մինչ այդ պետք է առնվազն մի քանի բան աներ, օրինակ սուպերմարկետներում առևտրի համար պետք է ժամային սահմանփակում կիրառեր՝ թողնելով, որ փոքր ու միջին բիզնեսը շնչի: Այս երկրում չեն իմացել՝ ինչով են զբաղվել, հիմա էլ չգիտեն, թե այս հարցերը ոնց պետք է լուծել»,-կարծիք հայտնեց Պիպոյանը:
Ստեղծված իրավիճակում տուժողը դառնում է սպառողը, որը միսը, միրգը, բանջարեղենը պետք է թանկ գնի: Սակայն սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող մասնագետը նշում է, որ այս պահին փոքր ու միջին բիզնեսը հայտնվում է լավ պայմաններում, նա սպառողներին խորհուրդ է տալիս միսը, միրգն ու բանջարեղենը գնել բակի կրպակներից ու խանութներից, իսկ պետական վերահսկողությունն էլ իրականացվի հավուր պատշաճի:
«Եթե պետությունն այսօր այ քայլն անում է, պետք է հասկանա, որ դեռևս դրա համար այլընտրանք չի ստեղծել: Դեռ չի ասել, գիտեք, ինչ կա, դուխով գնացեք խանութներ բացեք, որովհետև մենք օրինագիծ ենք ընդունելու օրինակ սուպերմարկետները փակելու մասին: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա սիրողականության պակաս չենք նկատում, ամեն ինչ չէ, որ լուծվում է կամքով, պետք է նաև պրոֆեսիոնալ մոտեցում, սակայն ինչպես տեսնում ենք սիրողականությունը շարունակվում է»,-ասաց նա:
Գյուղատնտեսները պետք է օգտվեն ստեղծված իրավիճակից
Գյուղատնտես Հարություն Մնացականյանը, ով տարիներ շարունակ զբաղված է աճարի արտադրությամբ ու արտադրանքը մատակարարում է խոշոր առևտրային ցանցերին, ով նաև հասարակական հիմունքով գյուղատնտեսության նախարարի խորհրդականն է, Panorama.am-ի հետ զրույցում նկատեց, սուպերմարկետների համար վատ վիճակ է ստեղծվել, իսկ գյուղատնտեսների համար՝ նոր հնարավորություններ:
«Եթե սուպերմարկետի վճարած հարկը ավելանում է 20 տոկոսով, ապա 3 հազար դրամով վաճառվող տավարի միսը դառնում է 3600 դրամ: Թանկացումը հիմնավորված է, տարիներ շարունակ ԱՁ-ներ բացելով, 2 տոկոս հարկ վճարելով կարողացել են խուսափել թանկացումից»,-հաշվարկեց նա:
Պտղաբուծությամբ ու անասնաբուծությամբ զբաղվող գյուղատնտեսների համար, նա համարում է, որ նոր հնարավորություններ են բացվել: Գյուղատնտեսները քանի որ չեն հարկվում ԱԱՀ-ով, կարող են փոքր կրպակներ, մսի վաճառքի կետեր բացել ու որպես անհատ ձեռներեց կամ ֆիզիկական անձ իրենց ապրանքը վաճառել մեծածախ գնից բարձր, խանութի գնից ցածր:
«Այսպես կկարողանան զարգանալ: Քաղաքացիները պետք է օգտվեն նման փոքր խանութներից, շուկաներից: Ամեն դեպքում գյուղացու համար սա կարող է երկու հետևանք ունենալ՝ կամ շատ լավ, կամ շատ վատ: Ամեն ինչ կախված է գյուղացուց: Էն քանակությունը, որ վաճառում էր «Սիթիի»-ն գյուղացուն շատ հարցերից ազատում էր: Կարճ ասաց, մեծ քանակություն էժան տալիս էր սուպերմարկետին, մի կողմ քաշվում: Հիմա վաճառքի ամբողջ բեռն ընկնում է գյուղացու ուսերին, պետք է փորձեն, գյուղացին պետք է զարգանա: Պետությունը որոշ քայլեր արել է, գյուղատնտեսական մթերքների շուկա է կազմակերպել Երևանի մի քանի վարչական շրջաններում: Բայց գյուղացին իր բերքն այստեղ վաճառում էր ավելի թանկ, քան օրինակ «Սիթիում» էր»,-ասաց Հ. Մնացականյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Սամվել Ալեքսանյանը սպառնացել է
- Կառավարությունը մտադիր է «Ալեքս տեքստիլ» ընկերությանն արտոնություն տալ
- Ալեքսանյան. Ես հիմա տեքստիլի գործարան եմ աշխատացնում, շահույթ չունեմ. «Հրապարակ»
- ԱԱԾ. «Ալեքս Հոլդինգ»-ի նկատմամբ հարուցված քրգործի շրջանակներում իրականացվել է 10 խուզարկություն
- «Երևան սիթի»-ներում ստուգումներ անցկացնում է ոչ թե ՊԵԿ-ը, այլ ԱԱԾ-ն. ՊԵԿ փոխնախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան