ՊԵԿ-ը գների զսպման, գնագոյացման հետ չպետք է գործ ունենա. Դավիթ Անանյան
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե հրապարակումներ են եղել, որ խոշոր սուպերմարկետները, եթե գան ԱԱՀ-ի դաշտ, կբարձրացնեն ապրանքների գները, նշեց, որ այդպիսի գնահատականների մասին ինքն էլ է լսել:
«Խնդիրը շատ պարզ ու հասարակ է: Եթե մենք ասում ենք, որ տնտեսվարողները պետք է գործեն բացառապես օրենքի շրջանակում, դա նշանակում է, որ գյուղմթերքների և մսամթերքի համար, եթե սուպերմարկետն աշխատում է ԱԱՀ-ի դաշտում, պետք է վճարի հարկերն ամբողջ ծավալով: Եթե այդ հարկերի վճարման շրջանակում 50-60 տոկոս գնագոյացման աճ կլինի, շուկայական հարաբերություններ են, դա կնշանակի, որ կողքի փոքր խանութներն ավելի շատ մրցունակ կլինեն»,- ասաց ՊԵԿ նախագահը:
Նրա խոսքով՝ ժամանակին սուպերմարկետները մտածել են, որ պետք է մրցակցեն իրենց հարևանությամբ գործող փոքր ու միջին կազմակերպությունների հետ, բայց դա այդպես չէ:
«ՊԵԿ-ն ասում է, որ եթե այդպիսի փոփոխություններ կլինեն, գները կբարձրանան, մենք ուսումնասիրություններ կանենք, որպեսզի համոզվենք՝ այդ գների բարձրացումն ինչքանով է արդարացված կամ արժանահավատ: Եթե դա կլինի իրական, որ հարկման դաշտի տեղափոխումը այդպիսի գնագոյացման հետևանքներ կարող է առաջացնել, մենք որևէ խնդիր չենք տեսնում: Ամեն դեպքում, ՊԵԿ-ը գների զսպման, գնագոյացման հետ չպետք է գործ ունենա»,- ընդգծեց Դավիթ Անանյանը:
Նա նաև նշեց, որ եթե աշխատում են բացառապես օրենքի շրջանակներում և տեսնում են, որ դա բերում է որոշակի խնդիրների և օրենքը վերանայելու անհրաժեշտություն կա, ապա կարող են ֆինանսների նախարարության հետ համագործակցել, որպեսզի օրենսդրությունը վերափոխեն: Իսկ քանի դեռ օրենքը գործում է՝ լավ, թե վատ, ապա, ըստ նրա, բոլորը պարտավոր են օրենքի շրջանակներում իրենց հարկային պարտավորությունները կատարել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում