Չինաստանում հրապարակվել է ուղևորների առաջին սև ցուցակը
Չինաստանի քաղավիացիայի վարչությունը հրապարակել է առաջին սև ցուցակը, որում այն ուղևորներն են, ում արգելված է մեկ տարվա ընթացքում օգտվել օդային տրանսպորտից։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ այս տարվա մայիսի 1-ից երկրի իշխանությունները կսկսեն այսպես կոչված «քաղաքացիների սոցիալական վարկանիշի» համակարգի ներդրման ծրագրի իրականացումը։ Անպատշաճ պահվածքի պատճառով ոմանց կարող են արգելել մինչև մեկ տարի ժամանակահատվածում տոմս գնել։
Արդեն իսկ Քաղավիացիայի վարչությունը հրապարակել է վստահությունը կորցրած 86 քաղաքացիների անվանացուցակ, մեկ տարով նրանց արգելել օգտվել օդային տրանսպորտից։
Սև ցուցակում հայտնվելու պատճառները շատ են՝ արգելված իրերի փոխադրում, կեղծ փաստաթղթերով կամ այլ անձի փաստաթղթերից օգտվել, կռիվներ, գրանցման, ինքնաթիռի թռիչքի և վայրէջքի ընթացքում կարգուկանոնի խախտում և այլն։ Ընդ որում՝ ամենից շատ հանդիպող խախտումն արգելված իրերի փոխադրումն է։