Փաշինյանն անդրադարձավ «Ռենկո»-ի կողմից ջերմաէլեկտրակայան կառուցելու հարցին
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ 10 օր առաջ «Ռենկո» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որոնք մտադիր են Հայաստանում ջերմաէլեկտրակայան կառուցելու գործընթաց սկսել: Վարչապետի խոսքով՝ պայմանավորվածության համաձայն, Արդարադատության նախարարությունը պետք է զբաղվեր այդ հարցով:
«Հիմա ունենք մտահոգություն, թե կառավարությունն այս հարցում կոնկրետություն չի մտցնում, պարտավորություններն ինչ-որ առումով չենք կատարում»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը արդարադատության նախարարին խնդրեց պարզաբանել, թե արդյոք տեղի է ունեցել հանդիպում ընկերության ներկայացուցիչների հետ, և եթե այո՝ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել և որտեղ է հասել գործընթացը: Նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ պայմանագիրը թարգմանված և դրված է շրջանառության մեջ, մի քանի անգամ խորհրդակցություններ են անցկացրել Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ, հանդիպումներ են ունեցել տարբեր հանձնաժողովների փորձագետների հետ այս թեմայով, հիմա սպասում են նախարարության փորձագիտական եզրակացությանը պայմանագրի կապակցությամբ:
«Ըստ պայմանավորվածության, այն կտրամադրվի երկուշաբթի օրը և կկարողանան գնահատել եղած փաստաթղթերը, դիրքորոշումները, և վարչապետի հանձնարարությամբ հարցը կընդգրկվի կառավարության առաջիկա նիստում»,- նշեց նախարարը:
Վարչապետը հետաքրքրվեց՝ փորձաքննության արդյունքում ինչը պետք է հստակեցնել, արդյոք նախագծի հետ որևէ խնդիր կա, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն ասաց, որ պայմանագիրը փոքր-ինչ ուշ են ստացել և այն էլ անգելենով: Ըստ նրա՝ այն ուղարկել են Էներգետիկայի ինստիտուտ, որպեսզի մասնագիտական եզրակացություն տան, քանի որ «Ռենկո» ընկերության կողմից կառուցվող էներգետիկ համալիրի շինարարական աշխատանքները սկսվելու են երեք ամիս հետո, տևելու է 25 ամիս և կառավարությունն, ըստ այդ պայմանագրի, իր վրա է վերցնում 20 տարվա պարտավորություն:
Ի պատասխան Նիկոլ Փաշինայնն ասաց, որ հատկապես հիմա, երբ ներդրումային միջավայրը բարելավելու խնդիր ունեն, պետք է արագ գործեն, որպեսզի կառավարության դիրքորոշումները և պոտենցիալ ներդրողներն իրենց անելիքը հստակ իմանան. «Եթե մենք ասում ենք՝ այո, պետք է արագ ասենք, եթե՝ ոչ, ուրեմն պետք է արագ ասել, հակառակ դեպքում այդ ձգձգումները կարող են բոլորովին այլ տպավորություն թողնել: Խնդրում եմ շատ արագ խնդիրը լուծել»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին