Էներգետիկ ոլորտի 2 հիմնական ցանցերը չպետք է պատկանեն նույն սեփականատիրոջը. վարչապետ
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ բարձրավոլտ Էլեկտրական ցանցերին:
«Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ կարծում ենք, որ էներգետիկ ոլորտի 2 հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ տիրապետության ներքո, և մենք պետք է շատ արագ առաջիկայում որոշում կայացնենք էլցանցերի հետագա կառավարման մեթոդի մասին: Այս փուլում պետք է վերջնական հայտարարություններ չանենք ընկերության կարգավիճակի մասին, պետք է որոշենք՝ պետական կառավարման է մնո՞ւմ, թե՞ հանձնվում է մասնավոր կառավարման», - նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ասաց՝ այսօր կարող են հստակ հայտարարել, որ պետք է բացառեն, որ մասնավորեցման կամ կառավարման գործընթացում ներգրավված լինի իշխանության հետ առնչություն ունեցող որևէ անձնավորություն, բացառեն որևէ օֆշորային ընկերություն:
Ըստ նրա՝ այդ ամենը պետք է արվի բաց, թափանցիկ մրցույթում:
«Երկու պայման կա՝ օֆշոր չի լինելու և իշխանության հետ կապ ունեցող որևէ մարդ չի լինելու դրա կառավարողը: Իսկ թե ընկերությունը պետական է լինելու, թե մասնավոր, դա առանձին քննարկման հարց է, որովհետև այնտեղ կա ներդրումների խնդիր, իսկ այսօր մեր պետությունը որոշակի վարկային սահմանափակումներ ունի պետական պարտքի սահմանային վիճակի հետ կապված»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելով, որ կառավարության ներկայացուցիչներն իրենց հայտարարություններում պետք է ճկուն լինեն և վերջնական որոշման տպավորություն ստեղծող հայտարարություններ չանեն:
Հիշեցնենք, որ երեկ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն մնալու է որպես պետական հիմնարկություն, այդպես ավելի ձեռնտու և արդյունավետ է:
Հարակից հրապարակումներ`
- Պետությունը «Տաշիր Կապիտալի» վրա դրած պարտականությունները ի զորու է կատարել սեփական ուժերով». Արթուր Գրիգորյանի պարզաբանումը
- «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ը մնալու է որպես պետական հիմնարկություն. Էներգետիկայի նախարար
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում