Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կայացել է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ավանդական միջոցառումը
Հունիսի 1-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Beeline-ի աջակցությամբ տեղի է ունեցել տոնական միջոցառում՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Ավանդույթ դարձած միջոցառումն այս տարի համախմբել է երեխաներին «Հին Երևան. կենդանի հիշողություն» թեմայի շուրջ:
Տոնախմբությունը մեկնարկել է Գաֆէսճեան քանդակների պարտեզում, որտեղ շուրջ 300 դպրոցականներ մասնակցել են հանրային ինստալացիայի՝ վերապատկերելով դեռևս խորհրդային տարիներին Կասկադ համալիրի առաջին հարթակի տեղում գտնվող «Հին Կասկադ» շատրվանի խճանկարը, որի հեղինակը քանդակագործ Դերենիկ Դանիելյանն էր (1912-1994):
«Հին Երևան. կենդանի հիշողություն» նախագծի շրջանակներում ստեղծվել է նաև լրացված իրականության (Augmented Reality) հարթակ, որը հնարավորություն է տալիս «կենդանացնել» Դերենիկ Դանիելյանի հեղինակած խճանկարը՝ օգտագործելով արխիվային լուսանկարներ, դրվագներ վավերագրական և գեղարվեստական ֆիլմերից, ինչպես նաև խճանկարի անիմացիոն տարբերակը:
«Գաֆէսճեան արվեստի կենտրոնը յուրաքանչյուր տարի մեծ հանդիսությամբ նշում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այս տարի միջոցառումը նվիրվում է Երևան քաղաքի հիմնադրման 2800 ամյակին և, ներկայանալով նոր ձևաչափով, ինչպես նաև կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ՝ Կենտրոնը երեխաներին և բոլոր այցելուներին հնարավորություն տվեց մասնակից դառնալու հին Կասկադի պատմության վերակենդանացմանը «Հին Երևան. Կենդանի հիշողություն» հրաշալի նախագծի շրջանակներում, որն իրականություն դարձավ մեր մշտական գործընկեր Beeline-ի հովանավորությամբ և աջակցությամբ: Շնորհակալ ենք Beeline-ին՝ ի դեմս ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի, շարունակական աջակցության համար», - ասել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
«Այսօր մենք շատ ուրախ ենք մասնակից լինել Հունիսի 1-ին նվիրված այս գեղեցիկ միջոցառմանը։ Հիանալի է, որ երեխաների պաշտպանության օրը մեր փոքրիկներն անցկացնում իրենց մայրաքաղաքի և մշակույթի պատմությանը ծանոթանալով։ Ինչպես հայտնի է, ամենահզոր զենքը գիտելիքն է, և հետևաբար կիրթ ու զարգացած սերունդը ամենապաշտպանվածն է», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Տոնական միջոցառումն ամփոփվել է Գաֆէսճեան քանդակների պարտեզում Երևանին նվիրված Ելենա Երևանի և Լիլիթ Պիպոյանի համերգային ծրագրով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան