ՎԶԵԲ-ը պատրաստ է սերտ փոխգործակցության ՀՀ նոր կառավարության հետ. Ֆրենսիս Մալիժ
«Մենք շահագրգռված ենք համագործակցության զարգացմամբ և նախանշված բոլոր ծրագրերի հաջող իրականացմամբ»,- այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։
Վարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և ընդգծել, որ բանկը մեր երկրի տնտեսության մեջ ունի բավականին մեծ ներգրավվածություն:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ վարչապետը հավելել է, որ ՀՀ նոր կառավարության առաջնահերթություններից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է և այդ նպատակով կարևորում է վարկերի օգտագործման արդյունավետության բարձրացումը:
Ֆրենսիս Մալիժը նշել է, որ Հայաստանը ՎԶԵԲ-ի կարևորագույն գործընկերներից մեկն է, և բանկը պատրաստ է սերտ փոխգործակցության ՀՀ նոր կառավարության հետ: ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենն ընդգծել է, որ կարևորում են վարչապետ Փաշինյանի հնչեցրած դիտարկումները և նշել, որ բանկը շահագրգռված է ընդլայնել գործունեությունը մեր երկրում տարբեր ոլորտներում: Պարոն Մալիժը տեղեկացրել է, որ առաջիկա աշնանը Հայաստան է այցելելու ՎԶԵԲ տնօրենների խորհրդի պատվիրակությունը, ինչը լավ հնարավորություն կլինի քննարկելու երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՎԶԵԲ-Հայաստան գործընկերության ընթացիկ ռազմավարությանը վերաբերող հարցերի, անդրադարձել տարբեր ոլորտներում պետական ու մասնավոր ձևաչափով իրականացվող ծրագրերին: