Բաբլոյան. Կկարողանանք ստեղծել այն միջավայրը, ուր մեր երեխաների մանկությունն ու իրավունքները պաշտպանված կլինեն
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ։
ԱԺ հանրային կապերի վարչության ներկայացրած ուղղերձում ասված է.
«Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ:
Սիրելի՛ փոքրիկներ, մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, առողջություն, ընտանեկան ու պետական հոգատարությամբ շրջապատված անհոգ, երջանիկ մանկություն, լիարժեք կրթություն:
Միշտ սիրե՛ք ազնիվն ու բարին, իսկ այն պաշտպանելու համար կարդացե՛ք, սովորե՛ք, դարձե՛ք խելացի և ուժեղ, ինչպես ձեր սիրած հեքիաթների հերոսները:
Իսկ ձեզ, սիրելի՛ ծնողներ, շնորհավորում եմ Ծնողների համաշխարհային օրվա առթիվ և մաղթում, որ լավագույնս կատարեք ձեր պարտքը մանուկների նկատմամբ: Երեխաները մեզ համար գերագույն արժեք են: Դա ամրագրված է մեր ազգային արժեհամակարգում, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում ու նաև բազմաթիվ օրենքներում, որոնք մշտապես կատարելագործվում են:
Այսօր նաև պիտի երախտագիտության ու գնահատանքի ջերմ խոսքեր ուղղենք բժիշկներին, մանկավարժներին, սոցիալական աշխատողներին, այն միջազգային ու հասարակական կառույցներին, որոնք ամենօրյա աշխատանքով ապահովում են երեխաների լիարժեք ու ներդաշնակ զարգացման իրավունքները:
Եվ միասին օգնելով այսօր խնամքի ու հոգատարություն կարիք ունեցող մանուկներին՝ մենք կկարողանանք ստեղծել այն միջավայրը, ուր մեր երեխաների մանկությունն ու իրավունքները պաշտպանված կլինեն:
Իմ փոքրի՛կ բարեկամներ, Հայաստանի փոքրի՛կ քաղաքացիներ, կրկին մաղթում եմ ձեզ առողջություն, խաղաղություն, երջանիկ մանկություն և ձեր բոլոր երազանքների իրականացում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա