Արայիկ Հարությունյան. 12-ամյա կրթության համակարգն արդարացված է
«Առաջիկայում ուզում եմ հանդիպում ունենալ «Այբ» դպրոցի աշակերտների և «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի շրջանակում վերապատրաստում անցած ուսուցիչների հետ»,- հայտարարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով Չեխիայում գործող «Օրեր» ամսագրի հարցին:
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախարարը հստակեցրել է, որ խնդիրը ոչ թե «Այբ» դպրոցի գործունեությանն է վերաբերում, այլ «Արարարատյան բակալավրիատ» կրթության գերազանցության ծրագրին, որի իրականացման համար «Այբ» հիմնադրամին պետական բյուջեից խոշոր հատկացումներ են արվել` պայմանավորված ՀՀ նախկին նախագահի կրթության հարցերով խորհրդականի անձով:
«2017 թվականին պետական բյուջեից 617 մլն դրամ գումար է հատկացվել «Արարարատյան բակալավրիատ» ծրագրին. արդյունքում ունենք թարգմանված ծրագրեր և վերապատրաստված մոտ 100 ուսուցիչ: Ծրագիրը նախատեսում էր գերազանցության կենտրոններ հիմնել Հայաստանի ընդամենը 20 դպրոցներում: Սա այն դեպքում, երբ կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող Կրթության ազգային ինստիտուտին հատկացվել է 638 մլն դրամ` Հայաստանի բոլոր դպրոցների ուսուցիչներին վերապատրաստելու, ինչպես նաև կրթության ամբողջ ծրագրերի մշակման աշխատանքներն իրականացնելու համար»,- շեշտել է նախարարը:
Նրա խոսքով, այսինքն` 20 դպրոցի և 100 ուսուցչի մասնագիտական կատարելագործման համար հատկացվել է գրեթե նույնքան գումար, որքան շուրջ 1400 դպրոցի և տասնյակ հազարավոր ուսուցիչների:
«Իմ հակասությունն այս ծրագրի հետ կապված պայմանավորված է եղել այս անհավասար մոտեցմամբ»,- նշել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ հատկացված միջոցների արդյունավետ օգտագործման հարցին կանդրադառնա աուդիտի ուսումնասիրության ավարտից հետո: Միաժամանակ ԿԳ նախարարը շեշտել է, որ «Արարատյան բակալավրիատ» ծրագրով վերապատրաստված մանկավարժների մասնագիտական ներուժն անպայման օգտագործվելու է կրթության զարգացման նպատակով. «Ես պատրաստվում եմ հանդիպել «Այբ» դպրոցի աշակերտների հետ` թյուրընկալումները բացառելու նպատակով
Անդրադառնալով ավագ դպրոցների կրթական ծրագրի արդյունավետությանը և 12-ամյա կրթության համակարգի փոփոխության հնարավորությանը` նախարարը նշել է, որ 12-ամյա կրթության համակարգն արդարացված է, այլ հարց է, որ այսօր ավագ դպրոցը չի կատարում իր բովանադակային գործառույթը և չի ապահովում պատշաճ որակ:
Հարակից հրապարակումներ`
- Ժամանակն է երկխոսության.«Այբ» կրթական հիմնադրամն արձագանքում է ԿԳ փոխնախարարին
- ԿԳ նախարարի մեկնաբանությունները «Այբ»-ի հետ կապված մեզ բոլորիս խորապես զարմացրել են. Դավիթ Յան