Կոռուպցիոն խնդիրներ՝ «Հյուսիս-Հարավ»-ում
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինարարության ընթացքից:
Փոխվարչապետը նշեց, որ խնդիրը բավականին խորն է, և առաջարկվող լուծումներից մեկը պայմանագրի առհասարակ կասեցումն է այդ ընկերության հետ: «Բայց չեմ կարծում, որ դա արդյունավետ լուծում է, որովհետև այդտեղ որոշակի կոռուպցիոն խնդիրներ նույնպես կան, պետք է մանրամասն ուսումնասիրվեն, որպեսզի կարողանանք համապարփակ և ընդհանուր պատկերը ստանալ»,- ասաց Տիգրան Ավինյանը:
Նրա խոսքով՝ պետք է ՊԵԿ-ի, Ոստիկանության հետ միասին մանրամասն ուսումնասիրեն խնդիրը:
Վարչապետը հորդորեց խնդրին տալ առավելագույն արագ լուծում: «Ի վերջո երկու տարի է ճանապարհի այդ հատվածի կառուցումը տեղապտույտի մեջ է և այստեղ նույնպես Վրաստանի հետ առնչություն ունենք, որովհետև «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցումը շատ սերտորեն պայմանավորում է Իրանի և Վրաստանի հետ մեր տնտեսական հարաբերությունների և զբոսաշրջության զարգացումը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: