Սուրեն Պապիկյան. Երկրի համաչափ զարգացումը չպետք է այլևս մնա միայն թղթի վրա
Երկրի համաչափ զարգացումը չպետք է այլևս մնա միայն թղթի վրա, և անհրաժեշտ է գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ Արագածոտնի մարզպետարանի աշխատակիցներին ներկայացնելով նորանշանակ մարզպետ Աշոտ Սիմոնյանին։ Այս մասին հայտնում են նախարարությունից:
Նախարար Պապիկյանն ասել է, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքում մենք ունենք մի իրականություն, երբ անհրաժեշտ է հին ու նոր իշխանությունների միջև կամուրջ ապահովելով` իրականացնել իշխանության անցնցում փոխանցում, և այստեղ հատկապես կարևոր է համայնքային և մարզային իշխանությունների դերը։
Նախարարը վերահաստատել է իրական ժողովրդավարության հասնելու ճանապարհին ՏԻՄ-երի ժողովրդավար լինելու հրամայականը և նշել, որ այս գործընթացում առանցքային է, որպեսզի այսուհետ համայնքի ղեկավարն ու ավագանին գործեն բացառապես Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ և օրենսդրությամբ իրենց վերապահված գործառույթների և իրավասությունների շրջանակներում։
Նորանշանակ մարզպետը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ մարզի ղեկավարությունն ու աշխատակազմն ունակ են լուծել առաջադրված խնդիրները: