Թոմ Քաթինան` փոստային նամականիշի հերոս
Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «ՀայՓոստը», «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ համագործակցությամբ, կթողարկի միջազգային նոր նամականիշ՝ նվիրված Թոմ Քաթինային, որն ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքից է և «Ավրորա» մրցանակի դափնեկիր է հռչակվել 2017թ. մայիսի 28-ին։
Թոմ Քաթինան փրկել է հազարավոր կյանքեր՝ լինելով միակ մշտական վիրաբույժը Սուդանի մասը կազմող, սակայն այժմ պատերազմներից ավերված և մարդասիրական օգնությունից զրկված Նուբա լեռներում, ուր մարդասիրական օգնության մուտքն արգելված է։ «Ավրորա» մրցանակը, որը շնորհվում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից, ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտության նրանց փրկողների։
Նախաձեռնությունից հայտնում են՝ սա «ՀայՓոստի» և «Ավրորայի» շարունակական համագործակցության արդյունքն է։ 2017թ. «ՀայՓոստը» թողարկել է «Ավրորայի» առաջին դափնեկրին նվիրված փոստային նամականիշ՝ հիմք դնելով Հայաստանի միջազգային նամականիշերի վրա «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին պատկերելու ավանդույթին։ Նամականիշի մարման արարողությունն ընդգրկված է 2018թ. «Ավրորա» մրցանակի հատուկ միջոցառումների շարքում։
«Ավրորա» նամականիշը նաև դրամահավաք գործառույթ է կատարում։ 350 դրամ անվանական արժեքով նամականիշին կցված է 150 դրամ արժեքով նվիրատվության կտրոն։ Միասնական արժեքը կազմում է 500 դրամ, ինչը մոտավորապես հավասար է 1 ԱՄՆ դոլարի։ «ՀայՓոստը» նվիրատվության կտրոնից գոյացած հասույթը կուղղի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը, ինչը թույլ կտա յուրաքանչյուրին հեշտորեն նվիրատվություն կատարել նախաձեռնությանն ու նրա կողմից իրականացվող նախագծերին:
««Ավրորան» ստանձնել է Հայաստանը միջազգային մարդասիրական կենտրոնի վերածելու և «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարը տարածելու առաքելությունը, որի կարեւոր տարրերից է նաեւ փոստային հատուկ նամականիշի թողարկման և աշխարհով մեկ դրա սփռման ավանդույթը։ Այս ջանքերով մենք ընդլայնում ենք «Ավրորայի» աջակիցների շրջանակը եւ հրավիրում բոլորին միանալու մարդասիրական շարժմանը»,– նշել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։
«Անցյալ տարվա հաջող փորձից հետո մենք մեծ սիրով շարունակում ենք «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ մեր համագործակցությունը և պատրաստակամ ենք աջակցելու աշխարհով մեկ համաշխարհային մարդասիրական շարժման եւ հայկական մշակույթի ու պատմության տարածման գործին։ Բժիշկ Թոմ Քաթինայի խիզախությունն ու նվիրումը բացառիկ են և ավելի քան արժանի՝ հասցնելու ամենքի գիտությանը։ Մենք հավատացած ենք, որ մեր նոր նամականիշն այս ուղերձները կսփռի աշխարհի տարբեր ծագերում»,-ասել է «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը։
«Շնորհակալ եմ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը եւ «ՀայՓոստին»։ Սա վերահաստատում է սկսածս գործը շարունակելու իմ նվիրումը։ Ես փորձում եմ նաեւ մարդկանց գիտակցությանը հասցնել այն, որ յուրաքանչյուրն ունակ է բարի գործ անելու` ի հեճուկս ոճիրների եւ սպառնալիքների, որոնք վտանգում են առավել անօգնական մարդկանց կյանքը։ Սա նաեւ հավելյալ հնարավորություն է բարձրաձայնելու Նուբա լեռների ժողովրդի տառապանքների մասին»,- ասել է Թոմ Քաթինան։
Փոստային նամականիշի հեղինակն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության թիմի անդամ, դիզայներ Ալլա Մինգալյովան է։ Նամականիշը կթողարկվի 40,000 օրինակով, իսկ դրա մարման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Թոմ Քաթինայի մասնակցությամբ:
2018թ. «Ավրորայի» հերոսների անունները հրապարակվել են 2018թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի ոգեկոչման օրը։ Երեք հերոսներից մեկը 2018թ. հունիսի 10-ին Հայաստանում տեղի ունենալիք հանդիսավոր արարողության ընթացքում հայտարարվելու է «Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկիր։ Նա ստանալու է 100,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ, ինչպես նաև բացառիկ հնարավորություն՝ շարունակելու բարեգործության շղթան՝ 1,000,000 ԱՄՆ դոլարի գլխավոր մրցանակին առաջադրելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին։
Հարակից հրապարակումներ`
- Թոմ Քաթինան կայցելի Հայաստան
- «Ավրորա-2017» մրցանակի դափնեկիրն է Թոմ Քաթինան
- Թոմ Քաթինա. Մի՛ վախեցեք Աֆրիկայում գոյություն ունեցող խնդիրներից
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա