Տնտեսական զարգացման երեք հիմնական առաջնահերթությունները՝ ըստ կառավարության ծրագրի
ՀՀ Ազգային ժողովին ներկայացրած նոր կառավարության ծրագրի տնտեսական բաժնում նախանշված են տնտեսական զարգացման առաջնահերթություններ: Կառավարությունը վերահաստատում է տնտեսական զարգացման երեք հիմնական առաջնահերթությունները:
Ըստ կառավարության ծրագրի՝ թիվ մեկ առաջնահերթություն բարձր տեխնոլոգիաներ են:
«Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտը, ինչի նախապայմանները այսօր առկա են մեր երկրում։ Ոլորտի զարգացման ռազմավարական նպատակներից մեկը պետք է լինի ռազմարդյունաբերական համալիրի կայացումը, որը ի վիճակի կլինի ապահովել մեր բանակի մարտունակության և ազգային անվտանգության մակարդակի բարձրացումը»,- նշված է ծրագրում:
Ընդ որում, ըստ ծրագրի, ռազմարդյունաբերական համալիր ասելով պետք է հասկանալ ոչ միայն այսօր գոյություն ունեցող տեխնոլոգիաների որդեգրումն ու կիրառումը, այլև նոր, հեղափոխական գաղափարների մշակումը։
ՀՀ կառավարությունը նախատեսում է նաև․
- Խրախուսել գիտության և իրական հատվածի միջև համագործակցությունը, գիտական հետազոտությունների արդյունքների առևտրայնացմանը` ինովացիոն և բիզնես զարգացման դրամաշնորհային ծրագրերի խրախուսման և բիզնես ներդրողներ ներգրավելու միջոցով։
- Հայաստանում հնարավոր է բարձր տեխնոլոգիաների ոլորտի հեղափոխական տեմպերով զարգացումը՝ հիմք ընդունելով ներկայումս առկա նախապայմանները: Տնտեսության միջնաժամկետ և երկարաժամկետ կայուն աճի շարժիչ ուժը պետք է հանդիսանա նորարությունը և առաջադեմ տեխնոլոգիաների կիրառումը բոլոր ոլորտներում՝ ներառյալ պետական կառավարումը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, կրթությունը, առողջապահությունը, մշակույթը և այլն: Միաժամանակ Հայաստանի նորարարական զարգացման հենասյունը կրթված և ազատ քաղաքացին է, ուստի նորարական զարգացումը պետք է սկիզբ առնի յուրաքանչյուր քաղաքացու վաղ տարիքից:
- Խթանել հայկական ՏՏ, ՏՀՏ, բարձր տեխնոլոգիական արտադրանքի մրցունակ բրենդի ձևավորմանը և ապահովել միջազգային շուկաներում պահանջարկ ունեցող արտադրանքի պատշաճ ներկայացմանը։
Խթանել Հայաստանի մարզերում առկա ենթակառուցվածքների հիմքով ժամանակակից հագեցած տեխնոլոգիական կենտրոնների արդյունավետ գործունեությունը և ձեռնարկել միջոցներ այլ քաղաքներում նոր կենտրոնների ստեղծման ուղությամբ:
- Նպաստել վերազգային ՏՏ, ՏՀՏ, բարձր տեխնոլոգիական ընկերությունների մուտքը Հայաստան՝ հիմնելու բարձր տեխնոլոգիական գիտահետազոտական-արտադրական և կրթական կենտրոններ։
Առաջնահերթություն թիվ 2․ Գյուղատնտեսություն
Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել նաև գյուղատնտեսությունը։ Կառավարության գյուղատնտեսական քաղաքականության գերխնդիրն է լինելու գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված բոլոր սուբյեկտների` փոքր տնային տնտեսություններից ու գյուղացիական կոոպերատիվներից սկսած մինչև վերամշակողների ու արտահանողների, կենսամակարդակի և եկամտաբերության բարձրացումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության կայուն ապահովումը։
Կառավարությունը անթույլատրելի է համարում, որ գյուղատնտեսական նշանակության հողերի շուրջ 1/3-ը մնացել են անմշակ։ Կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկելու չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերը ըստ նպատակի օգտագործելու ուղղությամբ: Այս նպատակին հասնելու համար պետք է դրամատիկ ջանքեր գործադրել նորանոր խթաններ ու մեխանիզմներ մշակելու ուղղությամբ։
Գյուղատնտեսության ոլորտում կառավարությունը ևս մեկ ռազմավարական նպատակ է ձևակերպում․ այն է՝ Հայաստանում ոռոգման ջուրը նույնքան հասանելի և տարածված պիտի լինի, ինչպես էլեկտրական հոսանքն է տարածված և հասանելի։
Նոր տեխնոլոգիաների կիրառումը պետք է լայնորեն տարածվի գյուղատնտեսության ոլորտում։ Կաթիլային և անձրևացման համակարգերի համատարած ներդրումը հնարավորություն կտա էապես խնայել ջրային ռեսուրսները, իսկ ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման պետական աջակցության ծրագիրը՝ հողային ռեսուրսները։ Գյուղատնտեսության զարգացման համար լրջագույն խնդիր է հակակարկտային էֆեկտիվ համակարգի բացակայությունը։ Կառավարությունը հնարավոր միջոցները կձեռնարկի նոր տեխնոլոգիաների հիման վրա առավել արդյունավետ հակակարկտային համակարգի լայնամասշտաբ ներդրման համար։
Կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահելու հողի աշխատավորին՝ ձգտելով համապարփակ և արդյունավետ աջակցություն ցույց տալ նրան՝ ապահովելով գյուղատնտեսությամբ զբաղվելու և գյուղատնտեսությամբ բարեկեցիկ կյանք ապահովելու համար հնարավոր օժանդակությունը։ Այս համատեքստում կառավարությունը կօգնի գյուղացուն՝ վարկային անտանելի բեռները թեթևացնելու հարցում։ Կառավարությունը սկսել է աշխատանքը բանկերին ու վարկային կազմակերպություններին ֆիզիկական անձանց ունեցած գյուղացիական վարկային պարտավորությունների գծով տույժերի և տուգանքների համաներման, ինչպես նաև վարկային պատմությունների ճշգրտման ուղղությամբ։
Կառավարությունը նաև գործուն քայլեր կձեռնարկի մեքենատրակտորային համակազմի թարմացման և Հայաստանի գյուղատնտեսության կարիքներին առավելագույն կերպով բավարարելու ուղղությամբ։
Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել գյուղատնտեսության ոլորտում արտահանման մեծ պոտենցիալն օգտագործելու ուղղությամբ։ Այս իմաստով առաջիկայում բոլորի համար նոր հնարավորություններ կբացվեն դեպի նոր շուկաներ։
Առաջնահերթություն թիվ 3․ Զբոսաշրջություն
Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար ահռելի հեռանկարներ են բացվել։ Վերջին մեկուկես ամսվա ընթացքում մեր երկիրը համաշխարհային մամուլի համակ ուշադրության կենտրոնում է, Հայաստան անունը գրեթե մշտապես ներկա է համաշխարհային լրատվամիջոցների գլխագրերում։ Մեր երկրում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը լուսաբանվել է հիմնականում դրական լույսի ներքո՝ աննախադեպ բարձր մակարդակի հասցնելով մեր երկրի և ժողովրդի վարկանիշը։ Սա ստեղծում է բոլոր նախադրյալները, որ տարվա երկրորդ կեսին մենք զբոսաշրջության աննախադեպ աճ ունենանք, որովհտև կանխատեսելիորեն մարդիկ պիտի ցանկանան գալ տեսնելու, թե այս ի՞նչ երկրիր է, որ կարողացել է սիրո և համերաշխության այնպիսի հեղափոխություն անել, որ հուզել և գրավել է համաշխարհային հանրությանը։
Զբոսաշրջիկների թվի այս սպասվող աճը բացառիկ հնարավորություն է ստեղծում փոքր և միջին բիզնեսի զարգացման համար։ Այս առումով մեր անելիքը շատ հստակ է․ զբոսաշրջիկների համար անհրաժեշտ է ապահովել անհրաժեշտ ենթակառուցվածքներ, սպասարկման անհրաժեշտ մակարդակ, որը հարիր կլինի Հայաստանի այն իմիջին, որը վերջին մեկուկես ամսվա ընթացքում ձևավորվել է միջազգային հանրության մոտ։
Կարևոր է զբոսաշրջիկների համար տեղանքների և տրասպորտային ուղիների հասանելիությունը բարձրացնելու նպատակով առավել տարածված օտար լեզուներով հանրային տրանսպորտի ուղեցույցներով, համապատասխան փողոցային և զբոսաշրջային վայրերում նշաններով կահավորումը։
Զուգահեռաբար նախատեսվում է առանձնացնել զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող զբոսաշրջային ենթաճյուղեր՝ էկոտուրիզմ, գաստրոտուրիզմ, էքստրիմ տուրիզմ, էթնո տուրիզմ՝ համաշխարհային շուկայում Հայաստանը թիրախավորված դիրքավորելու և համապատասխան հետաքրքրություններ ուեցող զբոսաշրջիկների համար մեր երկիրն առավել գրավիչ դարձնելու նպատակով։
Կառավարությունը զբոսաշրջության զարգացման տեսակետից չափազանց կարևոր է համարում նաև օդային տրանսպորտի գների անկմանն ուղղված ջանքերի գործադրումը։ Այս առումով կկարևորվեն ավիավառելիքի շուկայի ազատականացմանն ուղղված հակամենաշնորհային միջոցառումները։
Նաև առանձնահատուկ կարևորվում է ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների աշխատանքը․ այս մարմինները հանրության հետ համագործակցված պետք է ապահովեն, որպեսզի քրեածին ակտիվությունը Հայաստանի Հանրապետությունում շատ արագ հասնի աննախադեպ ցածր մակարդակի։ Հանրապետությունում այսօր հաստատված մթնոլորտը նման արդյունքի հասնելու բացառիկ հնարավորություն է տալիս։
Ըստ կառավարության ծրագրի, տնտեսության զարգացման կարևոր առաջնահերթություն է համարվում նաև վերականգնվող՝ մասնավորապես արևային էներգետիկայի զարգացումը։ «Կառավարությունը ձեռնամուխ է լինելու ՀՀ էլեկտրաէներգետիկ շուկայի փուլային ազատականացման գործընթացին` ավարտին հասցնելով էլեկտրաէներգետիկական շուկայի նոր եւ ազատական մոդելին անցումը, ինչպես նաև տարածաշրջանում իրացման նոր էներգետիկ շուկաներ փնտրելուն, ներկրման և արտահանման ակտիվ քաղաքականության միջոցով Հայաստանի էներգետիկ անկախության ապահովմանը»,- նշված է ծրագրում:
Կառավարության մշտական ուշադրության կենտրոնում են լինելու ենթակառուցվածքների՝ մասնավորապես խմելու և ոռոգման ջրի, բնական գազի և էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքների արդիականացումը, կորուստների նվազումը, ինտերնետի որակի և տարածվածության հարցերը, երկաթուղու սակագնային բարելավումը, ճանապարհների որակի հետևողական բարձրացումը, երկրի ողջ տարածքով պատշաճ տրանսպորտային ենթակառուցվածքների և որակյալ ու անվտանգ ծառայությունների ապահովումը, տրանսպորտային միջոցների հարմարավետությունը, հասանելիությունը և հարմարեցված լինելը։ Կառավարության համար կարևոր է Երևանի մետրոպոլիտենի արդիականացումը և հետագա ճյուղավորումը։ Կվերանայվի արագաչափերի և տեսանկարահանող սարքերի գործարկմամբ երթևեկության կանոնների խախտումների համար տուգանքների պրակտիկան։ Առաջիկայում կքննարկվի ենթակառուցվածքների զարգացման հիմնադրամի ստեղծման և դոնորների համաժողով անցկացնելու հնարավորությունը։
Հանքարդյունաբերության ոլորտում Կառավարությունն առաջնորդվելու է բնական ռեսուրսների գերշահագործման եւ ապօրինի օգտագործման բացառման, շրջակա միջավայրի վրա ունեցած բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու սկզբունքով: Ներդրվելու են շրջակա միջավայրի միասնական մոնիթորինգի եւ վերահսկողության, թույլտվությունների, լիցենզիաների միասնական համակարգեր:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ արտահերթ ընտրություններն՝ անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում. կառավարության ծրագիր
- Կրթության ոլորտը կառավարության ծրագրում
- Տնտեսական մրցակցության ապահովում, պայքար մենաշնորհների դեմ. տնտեսական ոլորտը՝ կառավարության ծրագրում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան