ԱՄՆ դեսպանությունը և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը (ՀԱԱՊ) աջակցում են ամերիկյան ներդրումներին Հայաստանում
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ՀԱԱՊ) և ԱՄՆ-ի Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների պետական կորպորացիայի (ՕՊԻՔ) հետ համատեղ կազմակերպել էր քննարկում դեպի Հայաստան ամերիկյան ներդրումներ ներգրավելու վերաբերյալ:
ԴԵսպանատան մամուլի ծառայության հաղորդմամբ, աշխատաժողովի ընթացքում հիմնականում ներկայացվեց, թե ներդրողներն ու ընկերություններն ինչպես կարող են աշխատել ՕՊԻՔ-ի հետ, իսկ այդ կառույցի Հայաստան ժամանած ներկայացուցիչները ներկաներին բացատրեցին իրենց աշխատանքը:
ՕՊԻՔ-ը ամերիկյան պետական կառույց է, որը հիմնադրվել է 1971թ.-ին և աջակցում է նոր կամ զարգացող շուկաներում ներդրումներ կատարող ամերիկյան ընկերություններին՝ ապահովելով ներդրումային ռիսկերի կառավարման գործիքներով: Ամերիկյան ներդրողներին ուղղված ՕՊԻՔ-ի աջակցությունը ներառում է ուղղակի ֆինանսավորում վարկային ռեսուրսների միջոցով, քաղաքական ռիսկի ապահովագրություն և աջակցություն՝ նոր շուկաներում ներդրումներ կատարող մասնավոր կապիտալ ներդրումային հիմնադրամներին:
Նպաստելով զարգացող երկրների տնտեսական զարգացմանը՝ ՕՊԻՔ-ը օգնում է զարգացող տնտեսություններին զբաղեցնել իրենց տեղը միջազգային տնտեսության մեջ և առաջ է մղում ամերիկյան քաղաքականության և ազգային անվտանգության առաջնահերթությունները: ՕՊԻՔ-ի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել վերջինիս կայքում :
«ՕՊԻՔ-ը ներդրումներին աջակցող խոշոր միջազգային վարկատու կառույց է, և մենք, անշուշտ, կուզենանք հայկական շուկայում տեսնել վերջինիս աջակցությամբ գործող ընկերություններ ու ներդրողներ: Այս պահին, քաղաքական իրողությունների փոփոխությամբ պայմանավորված, երկրում օտարերկրյա ներդրումների համար առկա են առավել մեծ հնարավորություններ: Կարծում եմ՝ ՕՊԻՔ-ը կկարողանա գտնել արժանավոր ծրագրեր և օժանդակել դրանց իր վարկային ռեսուրսներով: Իսկ ՀԱԱՊ-ը պատրաստ է լինել ՕՊԻՔ-ի գործընկերը», - ասել է նա:
Միջոցառմանը մասնակցում էին ՀԱԱՊ-ի անդամ ընկերությունների, տեղի գործարարների միությունների ներկայացուցիչներ և պետական պաշտոնյաներ: Այն նպատակաուղղված էր հայ-ամերիկյան գործարար և առևտրային հարաբերութունների խորացմանը, ինչը վերջին երեք տարիների ընթացքում եղել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի գործունեության թիվ մեկ առաջնահերթությունը: Հարկ է նշել, որ անցած տարվա ընթացքում երկու երկրների միջև առևտրի ծավալների շուրջ 42 տոկոս աճ է արձանագրվել: