Ֆանտաստիկ զգացողություն է լինել Վիեննայի Մյուզիքվերեյնում. Սմբատյանի եվրոպական շրջագայությունն ավարտվեց
Մայիսի 31-ին Վիեննայի Մյուզիքվերեյնում կայացած համերգով եզրափակվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի եվրոպական համերգային շրջագայությունը։
Դասական երաժշտության լավագույն բեմերից մեկում՝ Մյուզիքվերեյնում, բարձրաճաշակ հանդիսատեսը բուռն ծափահարություններով ընդունել է երաժիշտների ելույթը՝ վայելելով նաև նրանց մատուցած բազմաթիվ բիսերը։ Մալթայի ֆիլհարմոնիկի հետ հանդես են եկել դաշնակահարուհի Նարե Արղամանյանը, ալտահար Դավիթ Աարոն Քարփենթերը։ Ներկայացվել են Ալեքսեյ Շորի, Ալբերտ Գարզիայի, ինչպես նաև Պյոտր Չայկովսկու ստեղծագործություններից, հայտնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Ֆանտաստիկ զգացողություն է լինել Վիեննայի Մյուզիքվերեյնում, ղեկավարել Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, շատ տաղանդավոր մի կոլեկտիվ՝ իր առանձնահատուկ հնչողությամբ, երաժշտության ինքնատիպ ընկալմամբ։ Ես առավել քան երջանիկ եմ ղեկավարել եվրոպական համերգային այս շրջագայությունը, որը մեկնարկեց Վալետայից, շարունակվեց Գերմանիայի տարբեր բեմերում և եզրափակվեց Ավստրիայում։ Մենք ներկայացրինք հատուկ ծրագիր, որը շատ կարևոր էր ինձ համար։ Կատարեցինք մալթյան երաժշտություն, որը ժամանակակից կոմպոզիտորների տեսլականի մեկնաբանությունն է, և Չայկովսկու 5-րդ սիմֆոնիան։ Մեծ հաճույք էր նաև նվագել մենակատարների հետ, լինել նրանց ու նվագախմբի հետ նույն բեմի վրա։ Այս համերգաշրջանի ընթացքում մենք ելույթ ունեցանք երաժիշտների համար ամենակարևոր դահլիճներում՝ Բեռլինի ֆիլհարոմնիայում, Վիեննայի Մյուզիքվերեյնում և այլն, ինչը մեծ հաջողություն է։ Եվ այս համերգասրահների հանդիսատեսը հնարավորություն ունեցավ հաղորդակցվել Մալթայի ֆիլհարմոնիկի ֆանտաստիկ հնչողությանը»,- ասել է Սերգեյ Սմբատյանը։
Մալթայի ֆիհարմոնիկ նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի համերգային շրջագայությունը կայացել է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ։
Մյուզիքվերեյնի համերգն ուղիղ եթերում հեռարձակել է Medici.tv-ն՝ դասական երաժշտության լավագույն հարթակներից մեկը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին