Վանեցյան. Ազգաբնակչության մի մեծ զանգված սկսեց վստահել ԱԱԾ-ին
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նարիա Զոհրաբյանը Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվեց. «Տարիներ շարունակ մեր բոլորի հեռախոսները գաղտնալսվել են՝ չունենալով որևէ իրավական հիմք, քաղաքական զրույցներից բռնած մինչև կենցաղային, անձնական զրույցներ։ Հիմա ուզում եմ, որպես այդ կարևորագույն կառույցի ղեկավար ասեք, այդ շպիոնաժի ավանդույթը վերանալու՞ է, թե՞ ոչ»։
Վանեցյանը պատգամավորին հավաստիացրեց, որ ՀՀ ԱԱԾ-ն գործելու է բացառապես օրենքի շրջանակներում, գաղտնալսումներն ու գաղտնաձայնագրումներն իրականացվելու են բացառապես դատարանի որոշումների հիման վրա։
«Այլ կերպ հնարավոր չէ, որ լինի։ Սա պաշտոնապես եմ ասում, որպես ԱԱԾ տնօրեն»,- հավելեց Վանեցյանը։
ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանն էլ հարցրեց, թե ԱԱԾ-ն արտաբյուջետային միջոցների օգտագործման հնարավորություն կունենա՞, ինչին ի պատասխան Վանեցյանն ասաց. «Մենք արտաբյուջետային միջոցներ գրեթե չունենք, շատ չնչին գումար է կազմում, դա հատուկ կապի տրամադրման ծառայության դիմաց տարբեր գերատեսչությունների կողմից մեզ վճարվող գումարն է, որն ամբողջությամբ ծախսվում է հատուկ կապի ապահովման գործընթացում»։
«Ծառուկյան» խմբացության պատգամավոր Վարդան Բոստանջյանը ԱԱծ տնօրենից հետաքրքրվեց, թե արդոք նոր բացահայումներ լինելու մասին ճի՞շտ է ԱԱԾ կողմից կանխավ բարձրաձայնելը։
«Նշանակվելուց հետո փորձեցի պահել ավանդութները և չշփվել ԶԼՄ-ների հետ կամ շփումս նվազագույնի հասցնել, սակայն եղան շատ շահարկումներ, որ ստիպված եղա շփվել։ Բայց այդ շփումը դրական արդյունքներ տվեց այն առումով, որ ԱԱԾ-ին ազգաբնակչության մի մեծ զանգված սկսեց վստահել, ես այդ վստահությունը զգում եմ քաղաքացիների դիմում-բողոքներից, աշխատանքի ընդունվել ցանկացողների դիմումների քանակներից։ Ինչ վերաբերում է միջոցառումներին՝ հետախուզություն, հակահետախուզություն, դրանց մասին մենք երբևէ չենք բարձրաձայնում»,- պատասխանեց ԱԱԾ տնօրենը։
Ինչ վերաբերում է վերջին շրջանում հնչեցված և կատարված բացահայտումներին, նրա խոսքով, դրանք ժամանակի պահանջն են։
«Կարծում են ԱԱԾ-ն չպետք է զբաղվի այլ գերատեսչությունների գործառույթներով, բայց այսօր ես ստիպված ելնելով ինչ-ինչ հանգամանքներից զբաղվում եմ դրանցով։ Կարծում եմ՝ առաջիկայում ՊԵԿ-ը, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը կսկսեն զբաղվել այդ գործառույթներով»,- ավելացրեց Արթուր Վանեցյանը։