Անհրաժեշտության դեպքում ՊԵԿ նախկին և ներկա պաշտոնյաներ կներգրավվեն որպես մեղադրյալներ. ԱԱԾ պետ
Ազգային անվտանգության ծառայությունն ԱԻՆ-ի բյուջետային ծախսերի հետ կապված որոշակի տվյալներ է ստացել: Քրեական գործ է հարուցվել, կատարվում է քննություն: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին հայտնեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը:
Անդրադառնալով «Նորֆոլկ քոնսալթինգ» ՍՊԸ-ի գործին՝ պաշտոնյան նշեց՝ այս պահին չի կարող հստակ ասել՝ հատկապես որ ոլորտներում կամ որ իրավաբանական անձանց առնչությամբ են բացահայտումներ սպասվում, պետք է մի փոքր էլ սպասել:
«Եթե անգամ մեր ոլորտում կոռումպացված մարդ կլինի, նա անմիջապես կպատժվի»,- խոստացավ Արթուր Վանեցյանը:
Հարցին՝ ինչո՞ւ «Երևան սիթիի» սուպերմարկետների աշխատակիցների անուններով ապօրինի ԱՁ-ներ բացելու գործով մինչ օրս չկան ձերբակալվածներ, Վանեցյանը հիշեցրեց, որ ԱԱԾ-ն հակված չէ ռեպրեսիվ գործողությունների, մարդկանց ձերբակալելու:
«Մենք հակված ենք պետությունից գողացված գումարները վերադարձնել բյուջե: Այն մարդիկ, ում անուններով գրանցված են այդ ձեռնարկությունները, կանչել պատասխանատվության, արդարացի չէ: Եթե մարդը վերականգնում է պետբյուջեի գումարները, քրեական պատասխանատվությունից ուղղակի ազատվում է: Իսկ պաշտոնյաները, որոնց իմացությամբ են կատարվել այդ գործողությունները, ներկայումս իրականացվում քննություն, քննչական վարչություն կլինեն հրավիրվածներ: Եթե իրենց կատարած գործողությունների մասով չեն կարողանա հստակ պատասխաններ տալ, քրեական գործում կներգրավվեն որպես մեղադրյալներ:
Խոսքը ՊԵԿ նախկին և ներկա պաշտոնյաների մասին է: Քննության ընթացքը ցույց կտա: Նախկին ղեկավարներ՝ դեռ չի նշանակում, որ դա Վարդան Հարությունյանն է: Չի նշանակում նաև, որ նա չէ»,- ասաց ԱԱԾ պետը՝ միաժամանակ հայտարարելով, որ թեև հստակ անունների է տիրապետում, սակայն այս փուլում բարձրաձայնել չի կարող:
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Ազգաբնակչության մի մեծ զանգված սկսեց վստահել ԱԱԾ-ին
- Երկու գործ արդեն իսկ գտնվում է ԱԱԾ-ում. Հրաչյա Ռոստոմյան
- ԱԱԾ բացահայտումների հետքերով. «Սիրողականությունը շարունակվում է»
- ԱԱԾ. «Ալեքս Հոլդինգ»-ի նկատմամբ հարուցված քրգործի շրջանակներում իրականացվել է 10 խուզարկություն