Արթուր Սարիբեկյան. «Չարաճճի հերոսները կգրավեն փոքրերի ուշադրությունը, իսկ մեծերին կհիշեցնեն իրենց անհոգ մանկության մասին»
Հունիսի 8-ին Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմ կբարձրանա «Կարմրամորթ առաջնորդի փրկագինը» ներկայացումը` ամերիկացի հանրահայտ գրող Օ` Հենրիի համանուն պատմվածքի հիման վրա, որի բեմադրությունն իրականացրել է Արթուր Սարիբեկյանը:
Թատրոնի մամուլի ծառայության հաղորդմամբ, բեմադրիչի խոսքով` գործը քիչ բեմադրված է Երևանում:
«Որքան գիտեմ, Օ` Հենրիի «Կարմրամորթ առաջնորդի փրկագինը» պատմվածքը քիչ բեմադրված է Երևանում, և այդ փաստը կրկնակի պարտավորեցնող է: Պատանի հանդիսատեսի թատրոնում առաջին անգամ եմ աշխատում որպես բեմադրիչ: Ինձ թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանն է հրավիրել: Եվ պետք է ասեմ, որ գերագույն հաճույք է աշխատել այս թատրոնի դերասանների ու անձնակազմի հետ»:
Խոսելով բեմադրական աշխատանքների մասին` Ա. Սարիբեկյանն ասել է. «Թե ինչ է սպասում հանդիսատեսին, չեմ բացի փակագծերը` թող անակնկալ մնա: Ասեմ, որ փորձել ենք այնպես անել, որ յուրաքանչյուր տեսարան լինի անսպասելի, և դա, կարծես, հաջողվել է: Հետաքրքիր բեմանկարչական լուծումներ է առաջարկել երիտասարդ բեմանկարիչ Մարիամ Մուրադյանը»:
Ա. Սարիբեկյանի փոխանցմամբ` ներկայացումը դուր կգա փոքրիկներին և ոչ միայն. «Մեր պատմության չարաճճի հերոսները, անշուշտ, կգրավեն փոքրերի ուշադրությունը, իսկ մեծերին կհիշեցնեն իրենց անհոգ մանկության մասին: Այս աշխատանքի ասելիքը հետևյալն է`մեծերի մեջ փնտրել մանուկներին, լույս աշխարհ հանել ու չթողնել, որ նրանց մեջ վերանան երազները․․․»:
Լուսանկարները` Արթուր Խաչատրյանի