Համակարգում կարմիր գիծ ենք գծել, գծից այս կողմ կոռուպցիոներներ չկան. ՀՀ ոստիկանապետ
Լրագրողներն այսօր ԱԺ-ում ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետաքրքրվեցին՝ ոստիկանության ոլորտում կոռուպցիոն երևույթները բացառելու, կասկածները փարատելու համար արդյոք պետք չէ՞ ծառայողական հետաքննություն սկսել:
«Դրանք այն դրվագներն են, որ կարող է անգամ ծառայողական քննությունն օգտակար չլինել: Եթե կան քաղաքացիներ, կարող են մատնանշել որևէ մեկին, խոսքը ճանապարհային գծային տեսուչների մասին է, մնացած կոռուպցիոն դրսևորումներն ի հայտ գալու դեպքում մենք կտեղեկացնենք»,- ասաց նա:
Հարցին՝ խախատումների դեպքերն անհատակա՞ն բնույթի են, կոռուպցիոն սխեմաներ չկա՞ն, ինչպես օրինակ, ՊԵԿ-ի դեպքում, և արդյոք սխեմաներ բացահայտելու փորձեր արվում են, Օսիպյանը պատասխանեց. «Ոստիկանությունը տիրապետում է այն ամենին, ինչին տիրապետում ենք, անհրաժեշտություն չկա բացահայտելու: Մենք ունենք որոշակի դրվագներ, դեռ ընթացքի մեջ են»:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ի՞նչ կոնկրետ քայլեր են ձեռնարկվել ոստիկանությունում կոռուպցիոն երևույթները կանխարգելելու ուղղությամբ: ՀՀ ոստիկանապետը շեշտեց՝ առկա են հատուկ ստորաբաժանումներ, որոնք թույլ են տալիս համապատասխան վերահսկողություն իրականացնել:
Իսկ բացառո՞ւմ է, որ այս պահին համակարգում կոռուպցիոն դրսևորումներ լինեն, կոռումպացված բարձրաստիճան ոստիկաններ աշխատեն: «Այո, մենք կարմիր գիծ ենք գծել: Կարմիր գծից այս կողմ չկան: Ամեն դեպքում, իմ տեսադաշտում չկան: Չեմ տիրապետում նման տեղեկությունների: Եթե կան, կխնդրեմ՝ ինձ օգնեք, և ես շատ շնորհակալ կլինեմ»:
Ինչ վերաբերում է ոստիկանների աշխատավարձերի հնարավոր բարձրացման թեմային՝ ՀՀ ոստիկանապետը նշեց, որ այս հարցի շուրջ քննարկումներ են ընթանում, և հնարավոր է, արդեն եկող տարվա հունվարին աշխատավարձերի բարձրացումներ լինեն:
Իսկ ոստիկանության աշխատակիցների թվաքանակի կրճատում նախատեսվո՞ւմ է, հարցրեցին լրագրողները «Թվաքանակի կրճատում անշուշտ լինելու է: Դա իմ քմահաճույքը չէ, կլինեն հանձնաժողովներ, և հարցը հանգամանալից կուսումնասիրվի: Դա իմ որոշումը չէ, օրենքով է նախատեսված»:
Անդրադառնալով Մասիսի քաղաքապետի և փոխքաղաքապետի ազատ արձակման հարցին՝ ոստիկանապետը շեշտեց, որ ոստիկանությունն ու քննաչական մարմինները կատարել են իրենց աշխատանքը, դատարանը որոշել է չբացակայելու մասին ստորագրությամբ վերջիններիս ազատ արձակել, ուրեմն բոլոր հետագա հարցերով պետք է դիմել հենց այդ մարմնին:
Վերջում լրագրողները ոստիկանապետից հետաքրքրվեցին՝ արդյոք ցույցեր ցրող նոր տեխնիկա ձե՞ռք է բերվել: «Խաղաղ բնույթի հավաքները երբեք չենք ցրում: Բայց երբ զուգորդվում են քրեորեն պատժելի գործողություններով, միաժամանակ ոստիկանության միջամտությունը լինելու է: Այժմ նոր սարք-սարքավորումներ չունենք, հակառակը, կարող է վերանայենք մեր ունեցածը»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան