ՄԻՊ. Ոստիկանության կողմից Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին դատարան չտեղափոխելը ոչ իրավաչափ միջամտություն է նրանց իրավունքներին
Ոստիկանության կողմից Ժիրայր Սեֆիլյանին և ազատությունից զրկված այլ, այդ թվում՝ ՊՊԾ գունդ զինված մուտք գործելու առնչությամբ կալանավորված մի շարք անձանց դատարան չտեղափոխելը Մարդու իրավունքների պաշտպանը նախևառաջ դիտարկում է այդ անձանց անձնական ազատության և արդար դատաքննության իրավունքների երաշխավորման տեսանկյունից: Նման հայտարարություն է տարածել ՄԻՊ աշխատակազմը:
«Մյուս կողմից, պետք է նկատի ունենալ նաև ազատությունից զրկված անձի անվտանգության շահն ու նրա պաշտպանության անհրաժեշտությունը:
Ոստիկանությունը, որպես ազատությունից զրկված անձանց դատարան չտեղափոխելու հրապարակային հիմնավորում, նշում է, որ ստացված են եղել օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ Ժիրայր Սեֆիլյանի և ազատությունից զրկված մյուս անձանց աջակիցները կարող են շրջափակել դատարանի շենքը և դատական նիստից հետո թույլ չտալ նրանց տեղափոխել քրեակատարողական հիմնարկներ: Ուստի, ըստ Ոստիկանության՝ Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին դատարան չտեղափոխելը պայմանավորված է եղել նրանց անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին Ոստիկանությունը ներկայացրել է բանավոր պարզաբանում նաև այն մասին, որ ազատությունից զրկվածներին դատարան չտեղափոխելը պայմանավորված է եղել տեխնիկական պատճառներով»,-ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հայտարարության մեջ:
Ըստ աղբյուրի, կոնկրետ իրավիճակում Մարդու իրավունքների պաշտպանը հաշվի է առնում նաև այն, որ ըստ ազատությունից զրկվածների փաստաբանների՝ դատարանը պետք է քննարկեր իրենց պաշտպանյալներից որոշներին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություններ: Դրանից բացի, ազատությունից զրկված մի քանի անձ Պաշտպանի աշխատակազմ են ներկայացրել բողոքներ՝ կապված Ոստիկանության կողմից դատարան չտեղափոխվելու և իրենց իրավունքների իրականացմանը խոչընդոտելու հետ: Նրանք նույնը պնդել են նաև քրեակատարողական հիմնարկում Պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրույցների ընթացքում:
«Մարդու իրավունքների պաշտպանը կոնկրետ իրավիճակում Ժիրայր Սեֆիլյանին և ազատությունից զրկված մյուս անձանց Ոստիկանության կողմից դատարան տեղափոխելու պարտականությունը չկատարելը և այդ առնչությամբ բերվող պատճառաբանությունները համարում է անընդունելի:
Ուստի, ստեղծված իրավիճակում նշված անձանց դատարան չտեղափոխելը ոչ իրավաչափ միջամտություն է նրանց անձնական ազատության և արդար դատաքննության իրավունքների իրականացմանը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ: Ոստիկանությանը հասցեագրվել է համապատասխան գրություն»,-մասնավորապես ասված է հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահականը արձագանքել է Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհելու դիմումին
- Սեֆիլյանի գործով դատական նիստի մասնակիցները չեն լքում դատարանի շենքը
- Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու հարցն առկախված է
- Սեֆիլյանը դատապարտվեց 10.5 տարվա ազատազրկման