Օսիպյան. Տուգանքների գների նվազեցում է լինելու
«Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ արագաչափերը և տեսանկարահանող սարքերը եղել են ՀՀ քաղաքացիներին թալանելու ուղղակի ամենակարճ ճանապարհներից մեկը։ Ըստ կառավարության նոր ծրագրի կվերանայվի, արագաչափերի և նեսանկարահանող սարքերի գործարկմամբ երթեկության կանոնների խախտման համար տուգանքների պրակտիկան»,- այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանից հետաքրքրվելով, թե այս հարցի հետ կապված ի՞նչ է արվելու։
Ոստիկանապետը պատասխանեց, որ տուգանքների գների նվազեցում է լինելու։
Ինչ վերաբերում է արագաչափերի մնալ-չմնալուն, Օսիպյանն ասաց. «Մենք մոտ ժամանակները հանդես կգանք առաջարկով և հանրությանը կտեղեկացնենք մեր մոտեցումների մասին։ Ոստիկանությունն ունի բազմաթիվ բողոքներ, բայց հավաստիացնեք, որ այդ բողոքները հիմնականում վերաբերում են ոչ թե արագաչափերին, այլև տեսանկարահանող սարքերին է վերաբերում, բայց դա չի նշանակում, որ մենք չենք անդրադառնալու արագաչափերին»։
Նա ասաց, որ մեկ ամսվա ընթացքում կներկայացնեն իրենց առաջարկությունները։
Նույն խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ ասաց, որ տարբեր քաղաքացիներ են իրենց դիմել, որ իրավունքի ձեռք բերման առումով՝ վարորդական, զենքի օգտագործման և այլն, առնչվում են խնդրի, որ նարկոլոգիայի, հոգեբուժական կենտրոնից տեղեկանք ներկայացնեն։
«Դրա համար պետք է օրինակ նրանք Մեղրիից հասնեն Ավան աղի հանք, որ այդ տեղեկանքները վերցնեն, մենք որպես ղեկավարություն պարտավոր ենք քաղաքացիների կյանքը հեշտացնենք։ Ես առաջարկում եմ, որ դիմենք կառավարությանը, որպեսզի նման խնդիրները մեկ շտեմարանով ավարտենք»,- ասաց պատգամավորը։
Օսիպյանը պատասխանեց, որ տեղեկանք բերելը ոստիկանության քմահաճույքը չէ, այլ կարգավորվում է օրենքով, թեև դիտարկումը տեղին է և չեն բացառում, որ որպես առաջարկություն կներկայացնեն կառավարությանը։
Բագրատյանն արձագանքեց. «Օրենքը տաբու չէ, մենք կարող ենք այն անընդհատ կատարելագործել, դա մեր սուրբ պարտականությունն է»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում