«Հեծանվի համաշխարհային օր»-ը՝ Երևանում
ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի 2018 թ. ապրիլի 12-ին ընդունած բանաձևով հունիսի 3-ը հռչակվել է «Հեծանվի համաշխարհային օր»:
Երևանում՝ Հանրապետության հրապարակում շուրջ 500 հեծանվորդների մասնակցությամբ հեծանվաշքերթի բացմանը ներկա են եղել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Հովհաննես Ղազարյանը, մշակութային, քաղաքական, Հայաստանում հավատարմագրված դեսպանատների և միջազգային կառույցների գործիչներ, ՀՀ Ոստիկանության «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ, ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, գնդապետ Գառնիկ Հայրապետյանը, ով Հեծանվորդների, սիրողական հեծանվասպորտի և սպորտային տուրիզմի միջազգային ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Արման Անտոնյանին պարգևատրեց «Դինամո» ՄՀԿ պատվո մեդալով:
«Հեշտ վարվող, գնով հասանելի, հուսալի, էկոլոգիապես մաքուր: Այն օգնում է ամրապնդել ֆիզիկական ու հոգեկան առողջությունը: Այն տեղաշարժվելու միջոց է, որը մարդկությունն օգտագործում է արդեն 200 տարի»,-ՄԱԿ-ի հռչակագրում այսպես է բնութագրված հեծանիվը:
ՄԱԿ-ում տարօրինակ են համարել, որ այսքան ժամանակ նման միջոցին պատշաճ ուշադրություն չեն դարձրել:
Տոնի նպատակը հեծանիվի տարածմանը նպաստելն է:
Հարակից հրապարակումներ`
- ՎիվաՍել-ՄՏՍ-ի մի խումբ աշխատակիցներ առավոտյան սահմանված ժամանակացույցը սկսել են հեծանիվ վարելով
- ՄԱԿ-ը նոր տոն է հռչակել՝ Հեծանիվի օր