Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 16,1%-ով
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-մարտին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 16,1%-ով՝ կազմելով 346 հազար 458։
Panorama.am-ին ԱՎԾ-ից տեղեկացնում են, որ Հայաստան այցելած զբոսաշրջիկների ընդամենը 26,3%-ը կամ 52 հազար 651-ն է հաստատվել հյուրանոցներում և հանգստյան տներում, մնացած մասը՝ 293,8 հազարը (14,4%-ը)՝ բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում։
Ըստ ԱՎԾ-ի՝ 2018թ. առաջին եռամսյակում զբոսաշրջության նպատակով Հայաստանի Հանրապետությունից մեկնել է 300 832 մարդ, ինչը 2017թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13%-ով:
Նշենք, որ պաշտոնական վիճակագրությամբ, 2017 թվականին Հայաստան է ժամանել 1 մլն 494 հազար 779 զբոսաշրջիկ՝ 2016 թվականի համեմատ աճելով 18.7%-ով:
Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավելի քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարում ները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին: